Search
Close this search box.

ԵՊՀ-ն ռեկտորի նոր պաշտոնակատար ունի

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ով մասնագիտությամբ աստվածաբան է: Նրա անունը մինչ այժմ գաղտնի էր պահվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Հովհաննիսյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, նա լայն գործունեություն է ծավալել Խորհրդարանում՝ հատկապես կրթական նախագծերի մշակման առումով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵՊՀ բոլոր նախկին ռեկտորներին` նրանց կատարած աշխատանքի համար:

«Մեր զարգացման գործընթացում ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը, կարիք է լինելու նաև քննադատության: Առաջին հերթին պետք է հանգիստ մթնոլորտ ապահովենք՝ առանց վայրիվերումների»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը բաց է լինելու բոլոր տեսակի քննարկումների համար՝ ի շահ համալսարանի, ի շահ Հայաստանի Հանրապետության:

Դումանյանը շնորհակալություն հայտնեց նաև Գեղամ Գևորգյանին:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում պարոն Գեղամ Գևորգյանին, այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Հատկապես վերջին շրջանում իր կողմից դրսևորվել է իրական համալսարանականին վայել պահվածք»,- նշեց Դումանյանը:

ԵՊՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ ինքն իր աշխատանքային շուրջ 2 տարում առանձնահատուկ բարդություններ է ունեցել՝ համավարակ, պատերազմ:

«Դեռ չեն անցել այդ բարդությունների հետևանքները, սակայն համալսարանը կայունություն դրսևորեց: Այս տարիների ընթացքում ես արել ու չեմ արել ինչ-որ բաներ: Արածների համար չեմ զղջում, իսկ չարածների մասին խոսելն արդեն ավելորդ է: Շնորհակալ եմ բոլորին, համատեղ աշխատանքի համար»,- նշեց Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը ապրիլի 23-ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, դեռ այն ժամանակվանից, երբ նա ԿԳՄՍ փոխնախարար էր: Վերջինիս դոկտորական ատենախոսության թեման հաստատվել է 2014 թվականին, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018-ին: Հովհաննիսյանը դոկտորի կոչում է ստացել 2021 թվականին: