Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհների ապաշրջափակմամբ թուրքերը գալու են լցվեն, տնտեսական ճնշման ենթարկեն մեզ․ Սեյրան Օհանյան

Այսօրվա իշխանություները որդեգրել են նահանջի քաղաքականությունը, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո նրանք կարծես ճնշման և պարտադրանքի ներքո են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ թեև իշխանությունները մտածում են՝ ապաշրջափակումներն օգուտ են ՀՀ-ին, իրենց տեսակետն այլ է։

«Խաղաղության ֆոնին մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների, եթե նույնիսկ լինի սահմանազատում, չի նշանակում, որ Ադրբեջանի հետ խոշոր սադրանքների, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է։ Այդ իրականության մեջ մենք դեմարկացիա, դելիմիտացիա անելու պայմաններ չունենք։ Այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես՝ Սյունիքի հատվածը բերելու է մեծ ճնշման, և այդ հատվածում Ադրբեջանն ու Թուրքիան փոխելու են մեր ժողովրդագրական պատկերը։ Պարզ ասած՝ թուրքերը գալու են, մեզ տնտեսական ճնշման ենթարկեն, գնեն անշարժ գույք, և դա մեզ ոչ մի օգուտ չի տալու»,-ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է բանակի արդիականացմանն ուղղված աշխատանքներին, Օհանյանը նշեց, թե տեղյակ չէ այժմ կատարվող աշխատանքներից, սակայն ընդգծեց․ «Բոլորիս ցանկությունն է, որ մեր բանակն արագ ոտքի կանգնի, և բանակի կառուցվածքն ու գործողությունները համապատասխանեն այն խնդիրներին, որ ծառացած են մեր երկրի առջև»։

Դիտարկմանը, թե իշխանություններն ասում են՝ գեներալները բանակը թալանելով հարստացել են, դղյակներ են կառուցել, և, օրինակ, Մովսես Հակոբյանը իր առանձնատունը ծախել է բանակին, հետո բանակն այդ առանձնատունը տվել է Հակոբյանին՝ որպես կեցության վայր, Օհանյանն արձագանքեց․

«Բացահայտ սուտ է դա։ Իր ծառայության այն հատվածում, որը Մովսես Հակոբյանն իրականացրել է ՊԲ-ում՝ որպես ՊԲ հրամանատար, ես եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այդպիսի բան տեղի չի ունեցել։ ՀՀ յուրաքանչյուր զինվորական նաև ՀՀ քաղաքացի է և իր հնարավորության շրջանակներում իրավունք ունի ապահովել նաև իր սոցիալական խնդիրները»,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ իր ղեկավարության ժամանակ անդադար պայքար է մղել բանակում թերությունների վերացման ուղղությամբ։

«Բանակում ձևավորվել է մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն, 8,5 տարիների ընթացքում ես շուրջ 135 գնդապետի պաշտոնից ազատել եմ, որոնց կեսը կապ են ունեցել այս կամ այն թերությունների, կոռուպցիոն ռիսկերի հետ, քրեական գործեր են հարուցվել»,-ասաց նա։

Հարցին՝ իր որդին ակտիվ մասնակցություն ունեցե՞լ է 44-օրյա պատերազմին, Օհանյանն արձագանքեց, որ որդին ամբողջ ծառայության ընթացքում պատշաճ կերպով իրականացրել է իր առջև դրված զինվորական պարտքը, 44-օրյա պատերազմում վիրավորվել է, այժմ ապաքինվել է, պաշտոնի նշանակված չէ։ Թե ինչու նշանակված չէ պաշտոնի, արդյո՞ք վրեժխնդրություն է, Օհանյանը հորդորեց հարցնել իրենց։