Search
Close this search box.

Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան

2021թ. հուլիսի 31-ին, ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ դեռևս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա.Պողոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արձակված կրակոցների հետևանքով վնասվել է վերը նշված ավտոմեքենան, որի հետևանքով զգալի չափերով նյութական վնաս է պատճառվել զորամասին: Ա.Պողոսյանը վնասվածքներ չի ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։