Search
Close this search box.

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆինն Արվի Սավոլայնենից:

Առաջին մրցափուլում գյումրեցի ըմբիշը պարտերում հայտնվեց պասիվության համար, բայց մրցակիցը չկարողացավ գլորում կատարել և բավարարվեց 1 միավորով: 0:1՝ առաջին մրցափուլից հետո:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Արթուր Ալեքսանյանն ակտիվ էր և ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Նա կարողացավ գլորում կատարել ու հաշիվը դարձնել 5:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:

Կիսաեզրափակիչում օլիմպիական չեմպիոնը կմրցի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:15-ից: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուս Մուսա Եվլոևն ու լեհ Տադեուժ Միչալիկը:

Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով:

Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը 2 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ: