Search
Close this search box.

Հայաստանը պետք է սահմանապահ հենակետեր տեղակայի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով. Տարասով

«ՀՀ-ում կարևոր պաշտոններում նոր մարդիկ են նշանակվել, նրանք պետք է հարմարվեն աշխատանքին, ինչպես նաև բոլոր խաղացողները պետք է վերջնականապես դիրքավորվեն անընդհատ փոփոխվող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և այն լուծելու ուղղությամբ արվող առաջարկներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր ռուս գործընկերների հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու հարցը։

Նա նաև նշել էր, թե ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն է հարկավոր հայ-ադրբեջանական սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հարցին այս առաջարկի մասին անորոշ պատասխան էր տվել՝ նշելով, թե ՌԴ-ն աշխատում է կողմերի հետ եռակողմ հայտարարությունների իրագործման ուղղությամբ։

Սրան զուգահեռ՝ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կողմերին կոչ անելով չսրել իրավիճակը և հետևել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությանը։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ-ի արձագանքի, մոնիտորինգային առաքելության դիտարկման հարցը մնում է կասկածելի, քանի որ ՀԱՊԿ-ի առաքելությունը սահմանափակվում է այս հարցում խորհրդակցություններով, քանի որ Ադրբեջանն այդ կառույցում ունի սերտ գործընկերներ։

Ըստ նրա, ակնհայտ է, որ ՌԴ-ն, ինչպես միշտ, հայտնվում է մի իրավիճակում, երբ պետք է որոշումներ կայացնի, իսկ ՌԴ-ն ավանդաբար փորձում է պահպանել հավասարակշռությունը կողմերի միջև, ուստի այս առաջարկը դա խախտում է, հենց այդ պատճառով այդ հարցին Կրեմլը դեռ հստակ պատասխան չի տալիս։

«Ռուսաստանի համար բարդ իրավիճակ է, քանի որ շահերը չափազանց շատ են, և դրանք ռեգիոնով չեն սահմանափակվում, պետք է իրագործվեին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը չի թուլանում։ Ավելին՝ ստեղծվում են նոր մարտահրավերներ, երբ բնական է, որ կարգավորման գործընթացից խոսելը բարդ է դառնում։ Հարցն այն է, թե ինչպես պետք է Ռուսաստանը համադրի իր շահերը ու ինչ որոշումներ պետք է կայացնի, ինչպես պահպանի հավասարակշռություն կողմերի միջև և սահմանապահ հենակետեր տեղակայի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սա իրականում քաղաքական հեշտ որոշում չէ, որին զուգահեռ՝ Ռուսաստանը պետք է աշխատի Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի հետ՝ ինչպես հակամարտության այս, այնպես էլ՝ այլ գոտիներում։ Լավագույն լուծումն այն կլիներ, որ հաջողվեր հետպատերազմյան շփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ու կողմերը կարողանային լուծել սահմանազատման հարցերը՝ առանց միջնորդների ակտիվ մասնակցության, սակայն այս ամիսները ցույց տվեցին, որ դա հնարավոր չէ, ուստի նոր մշակումներ են հարկավոր»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ արևմտյան երկրները, այնպես էլ Ռուսաստանը չեն փակում ԵԱՀԿ Մինսկի խմբի «դուռը»։

«Հայտարարության տեքստն այն մասին էր, որ համանախագահները տեղում են, և կողմերի ցանկության դեպքում ցանկացած հարց կարող է քննարկվել այդ հարթակում։ Իսկապես այդպես է, խնդիրներն այնքան շատ են, որ դրանցից որոշները կարող են նաև համակարգել համանախագահները, Ռուսաստանը դրանում խնդիր չի տեսնում։ Բայց այս անորոշությունը մի շարք կարևոր ուղղություններով դեռ կշարունակվի, քանի որ կարևոր պաշտոններում ՀՀ-ում նոր մարդիկ են նշանակվել, նրանք պետք է հարմարվեն աշխատանքին, ինչպես նաև բոլոր խաղացողները պետք է վերջնականապես դիրքավորվեն անընդհատ փոփոխվող իրավիճակում։ Կարծում եմ՝ այստեղ թե Ռուսաստանը, Ֆրանսիան, Հայաստանը, Արևմուտքը անելիք ունեն»,-