Search
Close this search box.

Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և դատապարտելով ադրբեջանական կողմի բորբոքիչ և անպատասխանատու հայտարարությունները ՀՀ տարածքների վերաբերյալ, այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:

«Մենք սգում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը, որն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել վաղ առավոտից սկսած հայկական դիրքերի և որոշ հայկական գյուղերի վրա կրակ բացելուց հետո, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: Վերջին փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ Նախիջևանի սահմանին, որտեղ մեկ այլ հայ զինվոր սպանվեց, ոչ պակաս անհանգստացնող է: Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն հետևել հրադադարին և խուսափել ցանկացած սադրանքից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան», — նշել են ԵԽ պատգամավորները:

Եվրախորհրդարանի պատվիրակությունը շեշտել է, որ իրադրության կայունացման և լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարևոր է, որ անմիջապես դադարեցվի «բորբոքիչ հռետորաբանությունը»: Այս համատեքստում Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն դատապարտում են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքները իբրև ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը:

«Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը», — ասված է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հայտարարության մեջ: