Search
Close this search box.

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում աշխատում են ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

«Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով պարգևատրվեցին նաև «Թեղուտ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ ի դեմս Գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Գլխավոր ճարտարագետ Արեն Առաքելյանի։
Շնորհավորում և հպարտանում ենք մեր աշխատակիցների ձեռքբերումներով»․ այսպիսի գրառում է կատարված «Թեղուտ Մայնինգ»-ի ֆեյսբւքյան էջում։

Armlife.am կայքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական էջից տեղեկանում է, որ
հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերությունների աշխատակիցներ։

Ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն էլ հյուրընկալել է պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։

«Մեր երկրի հարստությունն ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․ երկրի իրական կարողությունն և ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում աշխատում են ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների, կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունն ինչպես ձեր արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,-ասել է փոխնախարարը։

Լ․ Շուշանյանը նշել է, որ Հայաստանը կարող է հպարտանալ առաջատար և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունահանում իրականացնող իր համալիրներով, սակայն, երկիրը շարունակելու է զարգացնել առկա տեխնոլոգիաները և նորերի ներդրումը՝ արտադրական շղթան ընդլայնելու և առավել խորը վերամշակում ապահովելու համար։ Նրա խոսքով՝ միաժամանակ, նպատակ է դրվել հասնել աշխատանքային պայմանների բարելավման, գիտակրթական ինստիտուտներ- պետական մարմին համագործակցային ձևաչափով լուծել երիտասարդ կադրերի պատրաստման հարցը։