Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարության պատասխանը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի:

Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը:

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաև հարց էր ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Պետքարտուղարությունը չի մեկնաբանել նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: