Search
Close this search box.

Ազգային ժողովի ջեռուցման համակարգը խանգարել է բնականոն աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգը կվերանորոգվի: Այդ նպատակի համար կառավարությունն օգոստոսի 31-ի նիստում տրամադրեց 53 մլն դրամ:

Կառավարության որոշման մեջ, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զորանոցի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավա-րության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին 2017 թվականի ինն ամսում հատկացնել 53,000.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով):

Համաձայն հիմնավորման, պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2016-2017թթ-ի ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործընթացը:

Նախագծով նախատեսվում է` 31,000.0 հազար դրամի շրջանակներում իրականացնել ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսապատման, ներկման աշխատանքներ, Էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում:

22,000.0 հազար դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատան, մայուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում: