Search
Close this search box.

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Պղնձի ճանապարհը. Թեղուտի հանքավայրից մինչև միջազգային շուկա

Հայաստանում մետալուրգի օրը պաշտոնապես չի նշվում, չնայած Հայաստանում գործում են բազմաթիվ լեռնամետալուրգիական գործարաններ, իսկ Հայաստանի ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը, որը ապահովում է բազմահազար բարձր վարձատրվող աշխատատեղեր և միլիարդավոր դրամների հարկային եկամուտներ՝ լեռնամետալուրգիան է: Սակայն Խորհրդային Միությունից մնացած ավանդույթի համաձայն, լեռանամետալուրգիական ձեռնարկությունների մեծ մասում, այդ օրը նշվում է հուլիս ամսվա երրորդ կիրակի օրը: Այս տարի այն հուլիսի 18-ն է:

Տոնին ընդառաջ մենք այցելեցինք Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատ: Մեր այցելության պահին ձեռնարկությունը գործում էր ամբողջ հզորությամբ. մեր տեսած ամենահզոր էքսկավատորները բարձում էին պղնձի հանքաքարը, հարյուր տոննա բեռնատարողությամբ մեքենաներն այն տեղափոխում էին կոմբինատ:

«Հանքավայրը և կոմբինատը աշխատում են օրվա մեջ 24 ժամ և տարվա մեջ 365 օր, մեզ համար ոչ հունվարի 1 կա, և ոչ էլ մարտի 8»,- հանքավայր տանող ճանապարհին ասում է կոմբինատի տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, ով արդեն երկու տարի է Հայաստանում է, և մեծ ներդրում է ունեցել հանքավայրի և լեռնահարստացուցիչ կոմբինատի վերագործարկաման ընթացքում: Հանքավայրում նա ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի պղնձի հանքաքարը. «Տեսեք այն մոխրագույն զանգվածը, որը հիմա բարձվում է մեքենաները՝ պղնձի հանքաքարն է: Շաբաթվա մեջ երկու անգամ, մասնագիտացված ըկերությունը, կատարում է պայթեցման աշխատանքներ, որից հետո այն բարձվում է բեռնատարները»:

Հանքավայրից մենք շարժվում ենք դեպի կոմբինատ` ճանապարհին հանդիպելով ջրցան մեքենաների, որոնք օրը երեք անգամ իրականացնում են հանքավայրից կոմբինատ և հարակից տարածքների ճանապարհների խոնավեցում, որ փոշին օդ չբարձրանա և չաղտոտի շրջակա բնակավայրի օդային ավազանը:

Կոմբինատում ամեն ինչ կարելի է ասել ավտոմատացված է. «Այստեղ հանքաքարը մանրացվում և փոշիացվում է, դրանից հետո խառնվում են հատուկ նյութեր, պղնձի և մոլիբդենի մասնիկները կպնում են այդ նյութերին և բարձրանում են ջրի մակերես՝ առանձնանալով դատարկ ապարներից: Դա էլ հենց պղնձի և մոլիբդենի խտանյութն է, որտեղ պղնձի պարունակությունը 21-28 տոկոս է: Այդ զանգվածն էլ հավաքվում, չորացվում, բարձվում է բեռնատարները և ուղարկվում գնորդներին»,-հանքաքարից-խտանյութ շղթան կարճ, բայց հասկանալի ներկայացնում է Վլադիմիր Նալիվայկոն:

Արտադրությունից մենք գնում ենք թափոնների պոչամբար, որտեղ նա պատմում է, թե ինչ հսկայական աշխատանք է իրականացվում ամբարտակը ամրացնելու և օգտագործված ջրերը այնտեղ ֆիլտրելու և կրկնակի օգտագործելու համար: «Այն կապույտ հատվածը տեսնո՞ւմ եք, այնտեղ արդեն հանքային ապարները նստել են, իսկ ջուրը մաքրվել, ինչը նշանակում է, որ կարող է կրկին մղվել գործարան և օգտագործվել: Մենք ամեն ինչ անում ենք, որ Դեբեդից հնարավորինս քիչ ջուր վերցնենք, մեզ մոտ ջրօգտագործման փակ շղթա է, ջրի միակ կորուստը գոլորշացման տեսքով է լինում, որովհետև գործարանում օգտագործված ամբողջ ջուրն ի վերջո հոսում է այստեղ՝ պոչամբար, իսկ այստեղից նորից կոմբինատ»,-պոչամբարի մոտ կանգնած բացատրում է Վլադիմիր Իվանովիչը:

Խոսելով ամբարտակի սեյսմակայունության մասին ասում է, որ այն այժմ կարող է դիմանալ մինչև 8 բալ երկրաշարժի, բայց իրենք ամենօրյա աշխատանք են իրականացնում դրա ամրության պաշարը ավելացնելու համար:

Այդ աշխատանքները ինտենսիվորեն իրականացվել են կոմբինատի վերագործարկման երկրորդ փուլից հետո, որը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ կոմբինատի նոր սեփականատերերից Նորիկ Պետրոսյանը, չնայած հսկայական ֆինասական ճեղքվածքին, խնդիր դրեց վերագործարկել արտադրությունը: Բայց մինչև վերագործարկմանն անդրադառնալը, նախ մի փոքր հանքավայրի պատմությունից:
2014 թվականին մեծ շուքով և հանդիսավորությամբ տրվեց Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության մեկնարկը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում էր ՎՏԲ բանկի տրամադրած վարկային ծրագրով, որը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ամենախոշոր վարկային ծրագիրը: 2014թ. դեկտեմբերին բոլորը ուրախ էին և լավատեսությամբ ներշնչված, քանի որ պաշարների մեծությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972 թվականից այստեղ իրականացված մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում 1991թ. հաստատվել էր շուրջ 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 միլիոն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարունակությամբ: Նախնական գնահատմամբ՝ այս պաշարը բավարար է կոմբինատի 40-50 տարվա անխափան աշխատանքի ապահովման համար: Չնայած դրան ընդամենը երեք տարի հանքը շահագործելով՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատն անցավ ՎՏԲ բանկի կառավարմանը, քանի որ կոմբինատը չէր կարողանում իրականացնել բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները, որոնք իսկապես աննախադեպ մեծ էին, ինչպես և վարկի գումարը: 2018թ. ամանորյա տոներից հետո ընկերությունը դադարեցրեց իր աշխատանք, գրեթե 1200 աշխատակիցները մատնվեցին հարկադիր պարապուրդի, և ընկերությունն անցավ ՎՏԲ բանկին: Բանկը սկզբում փորձեց ինքնուրույն կազմակերպել կոմբինատի աշխատանքը, հնթացս փորձելով գտնել նոր ներդրողներ:

«Ընդամենը երկու-երեք ամսում մեզ հաջողվեց վերագործարկել կոմբինատը, ինչը անհավանական էր թվում: Մենք արդեն հասել ենք տարեկան 9 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման պլանային ցուցանիշին, որը լավ կազմակերպված աշխատանքի արդյունք է: Կոմբինատի վերագործարկման հարցում առանցքային դերակատարումը Նորիկ Պետրոսյանինն է, ով լինելով ընկերության բաժնետերերից մեկը՝ ստանձնեց շատերի համար անիրականանալի թվացող այս ձեռնարկի իրագործումը»,- արդեն գրասենյակային պայմաններում ասում է ընկերության տնօրենը:

Ըստ տնօրենի՝ հիմա իրենց մոտ 1200 մարդ է աշխատում, հիմանականում Թեղուտից, Շնողից և հարակից համայնքներից: «Մեզ մոտ աշխատելը ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլ նաև պատվաբեր: Մենք ամեն ինչ անում ենք աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնելու, մեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը մեծացնելու ուղղությամբ»,-հպարտությամբ ավելացնում է տնօրենը:

ՀԳ. Սա մեր առաջին անդրադարձն է «Թեղուտի» լեռնահարստացուցիչ կոմբինատ գործունեությանը, առաջիկայում մենք կանդրադառնանք կոմբինատի կողմից իրականացվող բնապահպանական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերին, որոնք ինչպես վերջին երկու տարիներին, այնպես էլ հետագայում լինելու են հաճախակի և բազմազան:

ArmLife.am