Search
Close this search box.

Հայկ Գրիգորյանը անգործ չի մնա. Փաշինյանը խոստացել է կիրառել նրա կարողությունները պետական համակարգում

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 12-ի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին 3 տարում Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նշենք, որ այսօր ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը:

«Բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանի աշխատանքն այդ կարգավիճակում, այդ պաշտոնում: Մենք առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտությունները մենք անպայման պետք է կիրառենք մեր պետական կառավարման համակարգում»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնում. «Քննչական կոմիտեն մեր ամենամեծ քննչական մարմինն է, որն իրականացնում է ՀՀ-ում նախաքննության առյուծի բաժինը: Եվ մենք պետք է միշտ, անընդհատ մտածենք կոմիտեի և ընդհանրապես մեր նախաքննության, իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ես համոզված եմ, որ պարոն Գրիգորյանը նաև իր գիտելիքներով և փորձով արդեն իսկ կիսվել է և կշարունակի կիսվել պարոն Քյարամյանի հետ և բոլոր միջոցներով կաջակցի պարոն Քյարամյանին, որպեսզի նրա գործունեությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում լինի արդյունավետ»:

Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այս կարևոր ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»: