Search
Close this search box.

Մեղրի համայնքի ղեկավարը հայտարարություն է տարածել՝ իր հրաժարականի մասին

Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել՝ ուղղված Մեղրիի բնակիչներին: Ուղերձը՝ ստորև.

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:

Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա:

Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ: Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար:

Հարգելի՛ մեղրեցիներ,

իմ քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, և ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին և ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին, ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ ևս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և Մեղրի համայնքին»: