Search
Close this search box.

Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը. Մհեր Գրիգորյան

Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը ձեռնարկված բարեփոխումների հավակնոտ ծրագրի կենսագործման հարցում:

Այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ ամփոփելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակության այցի արդյունքները:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ չնայած իր առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:

«Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել է և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Այս համատեքստում անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը: Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում», — ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, որի գլխավորած պատվիրակությունը այժմ գտնվում է Երևանում, հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ:

Եվրոպական հանձնակատարի այցի ընթացքում, ինչպես տեղեկացրեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ:

Կողմերն անդրադարձել են 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրամիությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար: Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը ուղղված մեր հետագա գործողությունները: », — ասաց Մհեր Գրիգորյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ», — շեշտեց փոխվարչապետի պաշտոնակատարը: