Search
Close this search box.

Ռուստամ Բադասյանը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ընդդիմության պահանջի մասին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չի տեսնում այդ մասին Բադասյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ՍԴ ներկայացրած դիմումներին։

Նա նշեց, որ ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն ինքն է լինելու։ «Ընդամենը մի պարզ վարժություն կարող ենք անել՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ այնտեղ ինչ գնահատական է տրվում ընտրություններին և համեմատել 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Եվ այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություն կա այդ գնահատականների մեջ։ Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ։ Եթե հենց 2017 թվականի ընտրությունների զեկույցը բացեք և այնտեղի գնահատականները նայեք, խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների մասին, այդ թվում՝ ընտրատեղամասերում։ Այս ընտրությունների վերաբերյալ հակառակը կան շատ դրական շեշտադրումներ, բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի են արժանացել թե 2018, թե 2020 թվականին տեղի ունեցած ընտրությունները»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը։

Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ բոլորս պետք է այս ընտրությունների կապակցությամբ միմյանց շնորհավորենք, որովհետև սա իշխանության ձեռքբերումը չէ, ընդդիմության ձեռքբերումը չէ, բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է:

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում հուլիսի 9-ին: