Search
Close this search box.

Վերաքննիչ դատարանը մերժեց . Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, այսօր՝ հուլիսի 8-ին, մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա գտել էր, որ քննությանը խոչընդոտելու հիմքն առկա է։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։