Search
Close this search box.

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին հայ գերիների վերադարձի հարցում ունեցած դերակատարության համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այս տարի արդեն երրորդ հանդիպումն արտահայտում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փաշինյանը հայտարարեց Կրեմլում՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկին:

Նա ևս մեկ անգամ իր ցավակցությունները հայտնեց Կամչատկայում ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ վշտակցությունը հայտնելով բոլոր զոհերի ընտանիքներին ու մտերիմներին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորանքի խոսքերի համար՝ Փաշինյանն ընդգծեց, որ դա իսկապես շատ կարևոր առիթ է՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը:

«Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցեր՝ կապված անվտանգության հետ, քանի որ մեզ մոտ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ:

Բոլորը գիտեն Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հասնելու հարցում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է: Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսներին ընթացքում:

Ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, թեպետ, բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում իրենք խոսել էին այս թեմայի շուրջ, ինչից հետո էլ տեղ էր ունեցել հայ ռազմագերիների վերադարձը:

«Պետք է ասեմ, որ կան նաև լավ նորություններ տնտեսության բնագավառում: Հուսով եմ՝ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել ենք հարցեր՝ կապված Հարավկովկասյան երկաթուղիների գործունեության հետ: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում են երկաթգծային թարմացումները, ինչն իսկապես լավ լուր է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ընդգծեց, որ ընթացիկ տարում աճել է արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան: «Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել նաև «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար: Այսօր մենք ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ: Բարեբախտաբար, Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը բավական լավ է, այս ֆոնին արդեն նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր»,- նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսօր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը:

Ի պատասխան Փաշինյանի այս դիտարկման՝ Պուտինը հավելեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր երկրների միջև խորհրդակցություններն ընթանում են նորմալ հունով»: