Search
Close this search box.

Նալբանդյանը մանրամասնեց Բաքվի հետ պայմանավորվածություններն ու խախտումները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հրավիրած համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըլրագրողի հարցին թե ադրբեջանական կողմը Բաքվում Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորմանը, այդ դեպքում ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ տեղաշարժ չկա, Նալբանդյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ գործը խոսքերի հետ համընկնի, և չշեղվեն իրենց խոսքերից: Մենք Կազանի նախօրեին երեք-չորս անգամ հանդիպեցինք արտգործնախարարների մակարդակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որովհետև դրանք պետք է ներկայացվեին նախագահներին: Եվ գագաթնաժողովից 10 օր առաջ ստացանք ուղեկցող նամակ, որտեղ հստակ ամփոփված էին մեր պայմանավորվածությունները; Ինչպես և պայմանավորված էինք, տեքստերի մեջ փոփոխություններ չէին մտցվելու: Իրականում ադրբեջանցիները ժամանեցին Կազան 12 փոփոխությունների առաջարկներով: Այսինքն՝ նահանջեցին պայմանավորվածությունից: Սա առաջին քայլը չէ, դա եղել է և Սոչիում, նույնը դրանից առաջ՝ Աստրախանում, նաև Սանկտ Պետերբուրգում: Հիշեցնենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուգրի հանդիպումների ժամանակ նույնպես մենք որոշ բաների շուրջ համաձայնությունների հասանք, Ադրբեջանը կրկին մեկ քայլ նահանջ կատարեց: Վիեննայի հանդիպումից հետո, վերադառնալով Ադրբեջան, նրանք ասացին՝ ոչ մի բանի մասին համաձայնություն չի եղել»:
Նալբանդյանը հիշեցրեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության մեխանզիմների ստեղծում, ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի ընդլայնում: Ըստ նրա՝ դրանից հետո ԵԱՀԿ նախագահող երկիրը կապ էր հաստատել Ադրբեջանի հետ, բավական բարձր մակարդակով, և նրանք ամեն անգամ հաստատել էին՝ այո, մենք համաձայն ենք, որպեսզի ֆինանսավորվի Կասպրշիկի թիմի ընդարձակումը:
«Պատկերացնո՞ւմ եք, բարձր մակարդակով պայմանավորվում են, բայց չորս անգամ արգելափակել են ֆինանսավորումը», ասաց նա:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դրանց շուրջ ևս Ադրբեջանի հետ համաձայնությունների էին հասել: «Ի՞նչ տեղի ունեցավ հետո, ադրբեջանիցներն ամեն կերպ չեն ուզում հիշատակել այդ երեք սկզբունքները: Մենք կրակի դադարեցման մասին երեք համաձայնագիր ենք ստորագրել՝ 1994-1995 թվականներին, և ի՞նչ, ադրբեջանցիները փորձում են հետ նահանջել այդ համաձայնություններից: Ուստի սա առաջին դեպքը չէ, երբ մի բան են ասում, հակառակն են անում: Ես կրկնում եմ՝ իհարկե, լավ կլիներ, եթե խոսքրեը համապատասխանեին գործերին, մանավանդ, երբ բառացիորեն Ժնևում խոսում էինք այն մասին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: Սա հենց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների մասին է: Իսկ նրանք դա դեռ չեն անում»,- ասաց նա: