Search
Close this search box.

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

վրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, հայտնում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային եւ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված:

Կարեւոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա: Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության չափորոշիչների վրա»: