Search
Close this search box.

Շիրակի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. երկու ամիս է ոռոգում չեն կատարել

Շիրակի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղի հատվածում։ Բնակիչները բողոքում են ոռոգման խնդրից, ինչի պատճառով բերքն ամբողջությամբ վնասվել է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասաց, որ մարզի գյուղերի ոռոգումը շատ վատ վիճակում է։ Նրա խոսքով՝ եղանակային այս պայմաններում կան մարդիկ, որոնք ոռոգում չեն կատարել։

«Արդեն երկու ամիս է, ինչ ոռոգման սեզոնը մեկնարկել է, բայց կոնկրետ Բենիամինի բնակչության 18-20 տոկոսն է ոռոգում կատարել միայն, այն էլ մեկ անգամ։ Այս եղանակային պայմաններում դա ոչինչ չի նշանակում։ Բերքն ամբողջությամբ փչացել է, վնասվել»,-նշեց Արտակ Անտոնյանը։

Համայնքապետը մանրամասնեց՝ խնդիրն այն է, որ Կառնուտի ջրամբարը դեռևս ապրիլ ամսին պետք է սնուցվեր Արփա լճից, սակայն չի սնուցվել. «Այնտեղ ՀԷԿ-եր կան, դրանց պատճառով Կառնուտի սնուցումն ուշ է սկսվել և արդեն փաստի առաջ ենք կանգնել։ Կառնուտի ջրամբարի տարողությունը 1-2 օրվա ջուր է հիմա»,-ասաց Արտակ Անտոնյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին բնակիչները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակի մարզպետն ու ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչները։ Այս պահին զրուցում են բնակիչների հետ, լուծումներ փնտրում, սակայն համայնքապետը չի գտնում, որ կկարողանան խնդրի որևէ լուծում գտնել։