Search
Close this search box.

Սխալ տեղեկությունը, թե էլեկտրոնային քվերակությունում Փաշինյանը ստացել էր ընդամենը 4 ձայն

Հունիսի 20-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, Mediaport Տելեգրամ-ալիքը գրեց, թե էլեկտրոնային քվեարկության արդյունքներով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է միայն 4 ձայն։ «Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին», հայտնում էր ալիքը:

Mediaport-ը հղում էր անում անանուն աղբյուրին և չէր ներկայացնում որևէ ապացույց։ Չնայած դրան, տեղեկությունը տարածեցին նաև լրատվական կայքերը։

Տեղեկությունը սխալ է։ Mediaport-ը սխալ է հայտնել թե՛ էլեկտրոնային եղանակով քվեարկածների թիվը, թե՛ քվեարկության արդյունքները։

Mediaport Տելեգրամ-ալիքը երկու պնդում էր արել։

Նախ, ալիքը հայտնել էր, թե էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը։

Երկրորդ` ալիքը գրել էր, թե 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, 112 ձայն` «Պատիվ ունեմ» դաշինքը և ընդամենը 4 ձայն` իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:

Էլեկտրոնային եղանակով քվեարկել էր 500 քաղաքացի

Էլեկտրոնային եղանակով իրավունք ունեն քվեարկել միայն մի քանի խումբ անձինք՝ արտերկրում ՀՀ դիվանագետները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների աշխատակիցները։

Այսպիսի ընտրողների թիվը ըստ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների այս տարի 650 էր։ Դրանցից ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել էր 500-ը, իսկ անվավեր էր ճանաչվել 45 քվեաթերթիկ։

Այսպիսով՝ Mediaport-ի առաջին պնդումը այն մասին, թե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը, սխալ է։

Mediaport-ը սխալ էր հայտնել քվեարկության արդյունքները

Mediaport-ը՝ անանուն աղբյուրին հղում անելով, հնչեցրել էր էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներ, ըստ որոնց ամենից շատ՝ 168 քվե ստացել էր «Հայաստան» դաշինքը, իսկ իշխող ՔՊ-ն ստացել էր միայն 4 ձայն։

Ալիքը պնդում էր, որ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի արդյունքները 20:00-ից հետո, երբ փակվեն տեղամասերը: Իսկապես, հունիսի 20-ի երեկոյան էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի դարձան, բայց դրանք կտրուկ տարբերվում էին այն տվյալներից, որ հնչեցրել էր Mediaport-ը։

Այսպես՝ ԿԸՀ-ն հայտնեց, որ իշխող ՔՊ-ն ստացել է 163 ձայն, այլ ոչ թե 4 ինչպես պնդում էր Mediaport-ը։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 14 ձայն (այլ ոչ թե 112), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 135 ձայն (այլ ոչ թե 168)։

Այսպիսով՝ սխալ էր նաև Mediaport-ի երկրորդ պնդումը, քանի որ ալիքի հնչեցրած արդյունքները որևէ կերպ չէին համընկնում երեկոյան հայտնի դարձած ԿԸՀ տվյալների հետ։