Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեկ էլ Էրիկիս ծնվելուց էի էսպես ուրախացել». գերությունից վերադարձածի հայր

«Մեկ էլ Էրիկիս ծնվելուց էի այ էսպես ուրախացել, Էրիկս վերադարձավ տուն»,- «Ազատության» հետ զրույցում նշել է ավելի քան 8 ամիս ձգված գերեվարությունից հետո երեկ վերջապես վերադարձած որդուն գրկած Սարիբեկ Խաչատրյանը: Որդին՝ Էրիկը, ադրբեջանական գերությունից վերադարձած 15 զինվորներից մեկն է: Նրանք այսօր բուժզննում են անցնում, ինչից հետո կարող են տուն տեղափոխվել։ 18-ամյա շարքային Էրիկն ու մյուս գերիները Հայաստան վերադարձան Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում։

Որդուն հնարավոր է՝ վիրահատեն, ասաց Սարիբեկ Խաչատրյանը՝ շեշտելով՝ Էրիկն իրեն արդեն լավ է զգում:

«Լավ է, բայց տեսնենք էլի, պիտի հետազոտեն, տենանք` ոնց ա, ինչ ա, երևա օպերացիա անեն: Պուլյա կա էլի, ոտքի մեջ պուլյա կա», – ասում է հայրը:

Հադրութում մարտական գործողություններին մասնակցող 18-ամյա Էրիկը վերջին անգամ ընտանիքին զանգել էր հոկտեմբերի 12-ին։ Հետո համացանցում տարածված տեսանյութից էին Խաչատրյանները հասկացել, որ որդին ու ընկերները գերի են ընկել։ Այժմ, երբ ամեն ինչ անցյալում է, հայրն իր մաղթանքն է հղում բոլոր գերեվարվածների ընտանիքներին, որ իր պես զգան որդու վերադարձի երջանկությունը. «Ես ցանկանում եմ` մեր բոլոր գերիները վերադառնան իրենց ծնողներին»: