Search
Close this search box.

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կալանավորվեց, որոշումը գործող իշխանությունների ճնշման հետևանք է. պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել է ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:

Փաստաբան Գայանե Պապոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ որոշումն անհիմն է և պատճառաբանված չէ, վարույթն իրականացնող մարմինն ինչ միջնորդություն ներկայացրել է՝ նույն պատճառաբանությունները դրվել են որոշման հիմքում:

«Ամենևին չանձնավորելով դատավորին՝ գտնում ենք, որ այս ամբողջը քաղաքական հետապնդման արդյունք և գործող իշխանությունների ճնշման հետևանք է»,- հայտնեց Պապոյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումը կբողոքարկվի:

Իսկ թե կալանավորման որ հիմքերն է մատնանշել քննիչը՝ միջնորդությունում, փաստաբանը նշեց, որ քննիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հիմքերը դրել էր միջնորդության հիմքում, մինչդեռ, ԿԸՀ համաձայնությունը ստանալու համար ներկայացված միջնորդությամբ վկայակոչվել էր ընդամենը մեկ հիմք:

«Երկու ժամ հետո եկան դատարան և Քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հիմքերը թվարկել էին»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դա ևս վկայում է այն մասին, որ հիմքերը նշվել էին ձևականորեն:

Հիշեցնենք, որ 9 մլն դրամի չափով առերևույթ ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի շրջանակներում ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը և Գ. Պ.-ն։ Ըստ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։

Վարույթ իրականացնող մարմինը հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրել Ռուբեն Խլղաթյանին և Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մաիսն միջնորդություններ է ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: