Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը կփոխի՞ Վիգեն Սարգսյանին, թե կթողնի մենակ

Lragir-ը գրում է. Վիգեն Սարգսյանը «ազգ-բանակ»-ը թարս աճեցրեց։ Բանակի բարեփոխումների փոխարեն, որ անմիջապես իր ենթակայության ու պատասխանատվության տակ է, նա սկսեց ազգից, դրան համարելով առավել անպաշտպան ու որեւէ մեկի պաստախանատվության տակ չգտնվող օղակ։
Չնայած բազմաթիվ գեղեցիկ բառերին, տարբեր կոնցեպտներին ու ներկայացված զարգացման հեռանկարներին, ինչպես եւ պետք էր սպասել մեր կոռոպցիոն իշխանությունների դեպքում, ամեն ինչ հանգեց փողին։ Սկզբում 1000 դրամների նշավակելի պատմությունն էր, երբ հայրենասիրության անվան տակ իշխանությունները փաստացի նոր հարկ սահմանեցին։ Հետո եկավ տարկետման հետ կապված խայտառակությունը, որը իշխանությունների կողմից ըստ էության կոռուպցիոն կանալների վերբաշխման փորձ էր:
Գիտությունն ու բանակը հակադրելը երեւի գեղեցիկ քայլ էր ցույց տալու, որ Հայաստանում գիտություն գոյություն ունի։ Իրականում գիտությունը վաղուց է վերացել, եւ ուսանողներին բանակ տանելը դրան ոչ կնապաստի, ոչ էլ կխանգարի։ Տարկետման շուրջ Հայաստանում տարեկան միլիոնավոր դոլարների կոռուպցիա գոյություն ունի, պարզապես մի քանի հարյուր հազարը շրջանառվում է կրթության համակարգում՝ ԿԳ պաշտոնյաների եւ բուհերի ղեկավարների միջոցով։ 90-ականներին Վազգեն Սարգսյանին չհաջողվեց այդ առվակը եւս ուղղել դեպի բանակային բյուրոկրատիայի գետակ, քանի որ համալսարանները լուրջ լոբբի ունեին իշխանություններում։
Ներկայում ենթադրվեց, որ այլեւս գիտա-կրթական այդ խավը վերացել է, իսկ ԿԳ նախարարը ռուսաց լեզվի հետ կապված պատմություններում ցույց տվեց «շեֆ ջան, ոնց ասես» իր կեցվածքը, եւ կրթական համակարգը հերթական անգամ ենթարկվեց հարձակման։
Ընդհանրապես, նման կոռուպցիոն վերաբաշխումներ Հայաստանում հաճախ են իրականանում, երբեմն դրանք վերաբերվում են ավելի մեծ թվով շահառուների, սակայն Սերժ Սարգսյանը միշտ էլ սահուն է իրականացնում այդ պրոցեսները: Այս անգամ թե 1000 դրամների, թե տարկետման հարցում Վիգեն Սարգսյանը փորձեց ներկայանալ որպես քաղաքական գործիչ, բայց ձախողեց։
Հայաստանի ներկա քաղաքական համակարգը՝ իշխանությունը, ընդդիմությունը, մամուլը, այս դեպքում անգամ վաղուց մոռացված տարրը՝ հասարակությունը, մերժեց տարբեր ղեկավարների մոտ քարտուղար աշխատած Վիգեն Սարգսյանին ընդունել որպես քաղաքական գործիչ։ Մինչդեռ կա տպավորություն, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը նրան համարում է քաղաքական գործիչ, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ճարտար լեզու ունի։ Սերժ Սարգսյանն ունի այդ թերությունը՝ ճարտասաններին քաղաքական գործիչ համարելու, դա երեւում է ՀՀԿ շարքերը համալրող երիտասարդներից, որոնք բոլորն էլ «լավ են խոսում»։
Սա չպետք է համարել ինտելեկտուալ դեֆիցիտի արդյունք, պարզապես քանի որ Հայաստանում բացակայում է քաղաքական պրոցեսը, որտեղ պետք է կայանային քաղաքական գործիչները, որպես այդպիսիք են ընկալվում նրանք, ովքեր տիրապետում են հանրային հռետորաբանությանը, կամ բարձունքների են հասել Հայաստանում քաղաքականությանը փոխարինող գործողություններում՝ ինտրիգներում:
Ի դեպ, կարծում եմ թյուրըմբռնում կա բարձր պաշտոնյաների քարտուղարների ֆունկցիաների վերաբերյալ. նրանց գործը ոչ թե սուրճ սարքելն է, այլ ինտրիգներ։ Պետք է ենթադրել, որ Վիգեն Սարգսյանն այս գործը հմտորեն է կատարել, քանի որ անշեղորեն վերջին քարտուղարից բարձրացել է դեպի առաջին քարտուղար։ Սակայն ինտրիգների եւ քաղաքականության մեջ, գոնե ձեւի առումով, կարեւոր տարբերությունն այն է, որ ինտրիգները հյուսվում են շեֆի թեւի տակ եւ նրա պաշտպանությամբ, իսկ քաղաքականության մեջ ստիպված ես դիմագրավել ընդդիմության եւ մամուլի (քիչ էր մնում գրեի՝ հանրության) ճնշմանը։ Իսկ այս դեպքում շեֆը կարող է քեզ մենակ թողնել։
Վիգեն Սարգսյանը մոռացել էր ականավոր ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանի եղբոր պատգամը. «Ինտրիգանին ինտրիգ ա հասնում»։ Որպես այս ամենի եզրափակում հետեւեց Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան մեկնաբանությունները, որտեղ ՀՀ Պաշտպանության նախարարին նա համեմատում էր կանանց հետ։ Սա լուրջ հարված է մեր պաշտպանության համակարգին։ Եվրոպական երկրներում նման բառերին կարող է ուշադրություն չդարձնեն, անգամ այնտեղ երբեմն կանայք են ղեկավարում պաշտպանության համակարգերը, սակայն մեր նման ավանդապաշտ երկրում, որը պատերազմի մեջ է գտնվում, նման իմիջը կարող է լրջորեն վնասել բանակին։
Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե այս ամենի հետեւանքով Սերժ Սարգսյանը կարող է փոխել նախարարին՝ թե դա ազդում է բանակի մարտունակության վրա։ Ընդհանրապես, թուլացած նախարարը ձեռնտու է շատերին։