Search
Close this search box.

Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ահազանգել էր, որ Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում: Հերոսի հայրը գրել էր, որ որդու շիրիմին դրված ծաղիկները եւս անհետացել են: ՀՀ ՊՆ Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոն պետական հիմնարկի պետ Սմբատ Գալստյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Ալբերտ Հովհաննիսյանի հոր բարձրաձայնած խնդրից տեղյակ է, սակայն միանշանակ ասել, թե գողություն է եղել, չի կարող: «Երեկ ամբողջ օրը Եռաբլուրը բավականին բազմամարդ էր, եւ հետո, ըստ Ալբերտի հոր պատմածի, դեպքը օրը ցերեկով է եղել:

Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ, թե ինչ կարող է եղած լինել: Մեզ մոտ հաճախ դեպքեր են լինում, որ քամին ծաղիկը քշում-գցում է մի կողմի վրա, անցորդները վերցնում, առաջին պատահած շիրիմի մոտ են դնում՝ մտածելով, թե դա այդտեղից է ընկել»,- ասաց նա: Հարցին, թե վերջին շրջանում էլի եղե՞լ են գողության ահազանգեր, Գալստյանն ասաց. «Եղել է, որ խունկի կամ խնկամանի համար են ասել, փոքր, ինչ-որ խաղալիքի համար: Բայց գողության լուրջ դեպքեր չեն արձանագրվել»: Վերջինս նաեւ բացառեց ցերեկային ժամերին նման դեպքերը՝ հավելելով՝ Եռաբլուրից երբեք ոչ ոք ծաղիկներով չի հեռանում, դա բացառված է:

Ըստ հիմնարկի պետի՝ Եռաբլուրում հսկողություն է սահմանված, շուրջօրյա հերթապահություն է իրականացվում: Բայց քանի որ տարածքն ամբողջությամբ բաց է, ցանկապատ չկա, վերահսկել բոլոր այցելուների շարժը, ելումուտը անհնար է: «Անհնար է նաեւ ամեն մի շիրիմի կողքին վերահսկողություն իրականացնել: Մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում ենք, որ բացառենք նման դեպքերը, բայց մի քիչ էլ մեր քաղաքացիներից է կախված: Գիտակցությունը գոնե այնքան պիտի լինի, որ այստեղ գալիս չմոռանան՝ ուր են եկել կամ ինչի համար: Նախկինում նման դեպքեր էլ կային, երբ ինչ-որ մեկը գալիս էր մի հերոսի շիրիմին, ալարում էր գնալ, ծաղիկ առնել, փոխարենը մեկ ուրիշ հերոսի շիրիմից վերցնում-դնում մյուսի վրա, ու դա դառնում էր պատմություն: Նման անհեթեթ բաների այնքան շատ ենք ականատես լինում, որ արդեն չգիտենք էլ՝ ինչ անենք»,- ասաց նա:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: