Search
Close this search box.

Մոսկովյան «Բյուրեղյա Նուռ» պարային մրցանակաբաշխության հետքերով

Մոսկվայում մայիսի 30֊ին վերջապես կայացավ “Բյուրեղյա Նուռ”( “Хрустальный Гранат”) պարային մրցանակաբաշխությունը։ Այն դարձավ տարբեր քաղաքներից ներկայացված հայկական պարախմբերի համատեղ ծրագիրը ՝ “Ապրիր Հայաստան, ապրիր” խորագրով, որն ազգային համախմբման մեծ ներուժ ուներ և հայրենիքի վերքերի բուժման ևս մեկ քայլ էր՝ պարի և երգի ներդաշնակ համադրությամբ։

Մտահաղացման հեղինակն էր Իշխան Գասպարյանը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։ Ակադեմիայի արտիստների հետ միասին բեմ բարձրացան “Հայրենիք”(Մոսկվա), “Ոսկե Նուռ”(Մոսկվա), “Ագապե”(Մոսկվա), “Արաքս”(Տվեր), “Նռանե Դանս”(Կրասնոգորսկ), “Գարուն”(Նարոֆոմինսկ), Անի”(Մոսկվա) և “Ախթամար”( Զելենոգրադ) պարախմբերի շնորհալի սաները և փառատոնը դարձրեցին պարային հրավառություն։
Հատուկ հյուրերի՝ երգարվեստի տաղանդաշատ ներկայացուցիչներ Գևորգ Սիրեկանյանի և Եվա Եգանյանի քաղցրահնչյուն երգացանկը կրկնապատկեց հանդիսատեսի հիացմունքը, հատկապես երբ համերգի ավարտին նրանք դուետով ներկայացրեցին փառատոնը խորհրդանշող երգը։
Մրցանակաբաշխության երեկոն վարեցին հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելող հեռուստահաղորդավարներ՝ Սուրեն Առուստամյանն ու Թամարա Օգանեսյանը։
Այսուհետև ամենամյա փառատոնն իր դռները կբացի տասնյակ պարախմբերի յուրօրինակ ձեռագիրը մասսայականացնելու և ազգային գիտակցության ամրացման մեծ առաքելության նպատակով։

Կարող ենք միայն արձանագրել՝ հայրենիքը կապրի, քանի դեռ պարում են նրա զավակները։
Բարի երթ “Բյուրեղյա Նռան” ազգանվեր գործին։