Search
Close this search box.

Թուրքիային հոգնեցրել են Հայոց ցեղասպանության համար մեղադրանքները. Էրդողանը պատրաստվում է Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալ Ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և կհարցնի նրան, թե ինչու են «թուրք-ամերիկյան հարաբերություններն այդքան լարված»: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` այս մասին Էրդողանը հայտնել է TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիային «հոգնեցրել են Հայոց ցեղասպանության թեմայով կեղծ մեղադրանքները»:

«Դա մեզ արդեն հոգնեցրել է: Մենք բազմիցս ասել ենք` եկեք թողնենք այդ հարցը պատմաբանների, գիտնականների ուսումնասիրությանը, դա քաղաքականության հարց չէ: Դուք մեզ մեղադրում եք այն ժանամակ, երբ որևէ խնդիր չկա: Երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որում ընդգրկված է նաև ԱՄՆ-ն, չի հաջողվել լուծել հայ-ադրբեջանական խնդիրը: Արդյունքում Ադրբեջանն ինքն է լուծել իր խնդիրը: Ինչպե՞ս կարող եք մեղադրել Թուրքիային ցեղասպանության համար փաստերի բացակայության պարագայում, եթե անտեսում եք նման պատմական փաստը: «Ցեղասպանություն» եզրույթը դեմոկրատները չէին արտաբերել մինչ Բայդենը: Արդեն բավական է: Մենք որևէ վերաբնակեցված պետություն չենք, նրանք, ովքեր փորձում են նեղը գցել Թուրքիային, կկորցնեն ՆԱՏՕ-ի իրենց ուժեղ դաշնակիցներին»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։