Search
Close this search box.

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանն այսօրվանից զբոսաշրջիկների համար բացել է իր ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես կառավարության նիստում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, ինչն էլ դրական կանդրադառնա տնտեսության վերականգնման վրա:

«Մենք ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնում։ Բնական է, որ վաղվանից սահմանների բացումը մեր տնտեսության վերականգնման ճանապարհին ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Նշվում է, որ Հայաստանից, ինչպես նաև ՌԴ-ից, Ադրբեջանից և Թուրքիայից առանց խոչընդոտների Վրաստանի տարածք կկարողանան մուտք գործել այն զբոսաշրջիկները, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, բացի այդ սահմանին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք են ներկայացրել:

Ընդ որում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինը ստացած քաղաքացիները կկարողանան Վրաստան մտնել երկրի սահմանը հատելուց առնվազն 72 ժամ առաջ հանձնած թեստի պատասխանի հիման վրա, ինչպես նաև պայմանով, որ Վրաստանում գտնվելու երրորդ օրը քաղաքացիները պետք է ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Նշենք, որ Հայաստանից, ինչպես նաև ՌԴ-ից, Ադրբեջանից, Թուրքիայից զբոսաշրջիկները փետրվարի 1-ից արդեն կարող էին Վրաստան այցելել, սակայն միայն օդային սահմանով։