Search
Close this search box.

Արդեն քարացել եմ, ինչքա՞ն սպասեմ երեխուս դիակին, թող գոնե տան ես էլ իմանամ որտեղ եմ լացում. զոհված զինծառայողի մայր

Այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը: Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել էր, որ ծնողները պարզել են` իրենց որդիների և անհայտ կորած զինծառայողների մարմինների պաշտոնապես ներկայացված թվերի մեջ կան անճշտություններ, մասնավորապես նոյեմբերի 23-ին իրենց ներկայացվել է, որ Արցախի դիահերձարան է ներկայացվել մոտ 21 մարմին, բայց մի քանի օր առաջ իրենք պարզել են, որ 200 մարմին անհայտ տեղից ի հայտ է եկել: Զոհված զինծառայող Ներկարարյան Հովհաննեսի մայրը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 7 ամիս է, ինչ իր երեխայի դիակը չեն հանձնում:

«Թող բերեն գոնե դիակը տան, որ ես իմանամ, թե որտեղ եմ լացում, իսկ ինձ հիմա ասում են՝ կորել ա դիակը, ու՞ր ա կորել: Հոկտեմբերի 13-ին ասել են, որ տղես զոհվել է: Ես նայել եմ դիահերձարաններում, բայց մեզ չեն թողում ներս գնալ, ասում են, որ սպասեք ԴՆԹ-ի: Արդեն քարացել եմ, ինչքան սպասեմ երեխուս դիակին»,- ասաց Ալվինա Ներկարարյանը:

Նշենք, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները պատրաստվում են շրջել հանրապետության դիահերձարաններով և ճշտեն հստակ քանակը, քանի որ պաշտոնական տվյալներում անճշտություններ կան: Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ ծնողները ցանկանում են ճշտումներ իրականացնել:

«Կասկած կա զինծառայողների ծնողների մոտ և հիմա կգնանք ստուգումների, իրենք չեն հավատում: Դա ընդամենը ստուգողական գործողություն է ուրիշ ոչ մի բան»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը: