Search
Close this search box.

Ի տարբերություն հայտնի ու նորաթուխ պոպուլիստների` Գագիկ Ծառուկյանը գործնականում գիտի, թե ինչպես զարգացնել տնտեսությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետության հզորությունը չափելի երևույթ է. դրա կարևորագույն ցուցիչներ են տնտեսական աճի, գործազրկության ու աղքատության մակարդակը, ներդրումների ծավալն ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները։ Հայաստանը, ի տարբերություն իր հարևանների մեծամասնության, այս առումով հետնապահի դիրքերում է։ Արժանապատիվ ու կարող պետությունը, որն անվտանգության մշտական սպառնալիքներ ունի, չի կարող և չպետք է ունենա թույլ տնտեսություն, աղքատ ու խոցելի ազգաբնակչություն, գործազրկության բարձր մակարդակ։ Տնտեսությունը և սոցիալապես պաշտպանված քաղաքացին նույնչափ կարևոր են, որքան զինված ուժերը։

Ակնհայտ է, որ սոցիալապես թույլ և անապահով ընտանիքի զավակը չի կարող առավելագույն ջանք գործադրելով պաշտպանել իր պետությունը, քանի որ, բացի հայրենասիրական մղումներից, քաղաքացին պետք է տեսնի, որ պետությունը հոգ է տանում իր, իր ընտանիքի համար, որ գործուն քայլեր է ձեռնարկում նվազեցնելու աղքատությունը, հնարավորություն ստեղծում նոր աշխատատեղերի, բարձրացնում կրթության ու առողջապահության որակը՝ այդ կերպ կանխելով երիտասարդ ընտանիքների արտագաղթը։ Ցավոք, Հայաստանում այս ամենը բացակայում է։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները տնտեսական զարգացման ու մեր քաղաքացիներին ապահով ապագա խոստանալու առումով կլինեն բացառիկ, քանի որ շատ ուժեր կենացային պոպուլիզմի «լավագույն» ավանդույթների ներքո կսկսեն մեզ առաջարկել տնտեսական հրաշքների ու փրկության ուղիներ։ Ցավոք, սա է եղել ու կա մեր նախընտրական ժանրի առանձնահատկություներից մեկը։

Ի տարբերություն հայտնի ու նորաթուխ պոպուլիստների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ճառերով ու բառերով չէ, որ տեղյակ է, թե ինչ է տնտեսությունը, գյուղատնտեսությունը և սոցիալական պատասխանատվությունը, ու հստակ փրկության ուղիներ է առաջարկում։ Տնտեսության զարգացման ուղիները պարզ են ու հասանելի և այդ ամենը հավատ է ներշնչում, քանզի հենց Ծառուկյանն իր սեփական կյանքի փորձով է ցույց տվել, թե ինչպես է հնարավոր հաջողություններ արձանագրել տնտեսության տարբեր ոլորտներում: Իսկ մոտեցումները հետևյալն են. նախ՝ մեր հանրապետությունում նվազագույն աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան նվազագույն սպառողական զամբյուղի շեմն է՝ այդ կերպ մեր հայրենակիցների համար ապահովելով արժանապատիվ կենսամակարդակ, տնտեսական ոլորտի որոշակի նվազագույն ակտիվություն։ Հաջորդը՝ աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:

Սա հնարավորություն կտա անհրաժեշտ մակարդակի վրա պահել քաղաքացիների գնողունակությունը և դրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսական տարբեր ոլորտների վրա։ Մյուս կողմից՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացումը պետք է ապահովվի կանխատեսելի ու անհրաժեշտ ծավալի ամենամյա ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որոնք էլ իրենց հերթին կապահովեն պետական բյուջեի հարկային մուտքերի ակնկալվող չափը: Այսինքն համակողմանի խթանող համակարգի միջոցով ներդրումների ներգրավմամբ է միայն կարելի հասնել իրական աշխատավարձերի բարձրացման, որի գործունեության առաջնահերթ նախապայմանը բիզնես ու ներդրումային միջավայրի բարելավումն է։ Ակնհայտ է, որ սոցիալապես ապահովված ու ֆինանսապես կայուն երկրներն են միայն ունակ լուծել իրենց անվտանգության ու պաշտպանության կարիքները, արժանապատիվ կերպով դիմագրավել նոր մարտահրավերներին։

Կուսակցությունները նախընտրական փուլում և առհասարակ պետք է հստակ գիտակցեն, որ սին խոստումները միայն ու միայն հուսախաբելու են մեր՝ առանց այդ էլ հիասթափված քաղաքացիներին։ Միայն հստակ ու տրամաբանված տնտեսական շղթայով ձևակերպված մոտեցումներն են, որ ունակ կլինեն այս աղետից դուրս գալու լուծումներ տալ. մասնագետների կարծիքով, հենց այդ ելակետից են բխում «Բարգավաճ Հայաստանի» տնտեսական զարգացման ու սոցիալական ապահովության մոտեցումները, քանի որ պատասխանատվությունը ամենակարևոր հանձնառությունն է քաղաքացիների առաջ, որ արդեն տարիներ շարունակ պատվով կրում է կուսակցությունը։