Search
Close this search box.

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բացարձակ որոշումը Ղարաբաղի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ կա ԱՄՆ ու Ռուսաստանի բացարձակ գործակցություն:
Բրայզայի հայտարարությունը հատկանշական է Արցախի հարցի գործընթացում ներկայիս իրավիճակի ֆոնին, որը թերեւս հնարավոր է բնորոշել իբրեւ «անցումային փուլ»: Կարգավորման գործընթացը նախորդ երկու տասնամյակի փուլից ներկայում փորձ է արվում «անցկացնել» նոր փուլ: Թե ինչքան ժամանակի հեռանկարով, պարզ չէ, սակայն արցախյան գործընթացում հասունացել է նոր աշխարհակարգին համարժեքացման խնդիրը, եւ Մինսկի խմբի համանախագահները ներկայում փորձում են գտնել այդ խնդրի լուծումը:
Նախորդ երկու տասնամյակում արցախյան գործընթացը ձեւավորվեց ու զարգացավ մի աշխարհակարգի պայմաններում, որը ներկայում գրեթե գոյություն չունի: Թերեւս դրանով է պայմանավորված եւ այն, որ գործընթացում հասունացավ փակուղի ու ճգնաժամ, բերելով գրեթե ռազմական պայթյունի վիճակի, ընդհուպ ապրիլյան քառօրյա պատերազմ:
Դրանից հետո գործնականում սկսվել է անցումային փուլը, որի ռազմավարական նպատակն է կարգավորման գործընթացը տեղափոխել նոր աշխարհակարգին համարժեք ձեւաչափ եւ թերեւս բովանդակություն, կամ առնվազն ապահովել անցումային շրջանում ռիսկերի առավելագույն արդյունավետ կառավարում, քանի դեռ նոր աշխարհակարգն ինքնին ձեւավորման բավական ցավոտ փուլում է:
Եվ հենց այդ ցավոտ փուլի առկայության պայմաններում առավել հատկանշական է դառնում այն, որ համաշխարհային քաղաքականության գրեթե ամբողջ ճակատով սառը կամ տաք, ավելի շուտ գոլ պատերազմի փուլում գտնվող Ռուսաստանն ու ԱՄՆ գործակցում են արցախյան խնդրում, իսկ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրը ԱՄՆ ու Ռուսաստանի բացարձակ գործակցության օրինակ է: Բրայազան դիվանագետ է, ընդ որում բավական փորձառու դիվանագետ, եւ բառերի ընտրության հարցում թերեւս չարժե կասկածել նրա բծախնդրության վրա: Ըստ այդմ հատկանշական է դառնում, որ նա գործակցության բնորոշման համար կիրառում է հենց «բացարձակ» բառը, ինչն այլ կերպ նշանակում է, որ առանցքային հարցերում չկա երկու տերությունների գործողությունների եւ մոտեցումների միջեւ շեղում:
Իսկ եթե ոչ ամենաառանցքային հարցը, ապա դրանցից առաջիններից մեկը ստատուս-քվոյի հարցն է, որը թե ղարաբաղյան խնդրին, թե ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության առանցքն է: Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «բացարձակ» գործակցում են, ապա թերեւս դժվար է վիճարկել այն, որ այդ գործակցության դեմ չի կարող «խաղ լինել»: Այդ բացարձակ գործակցության դեմ առավել եւս խաղալ չեն կարող Հայաստանն ու Ադրբեջանը:
Ըստ այդմ, հնարավոր է եզրակացնել, որ ԱՄՆ ու Ռուսաստանը բացարձակ գործակցում են ստատուս-քվոն պահելու հարցում, համենայն դեպս այդ ազդակն է նախկին համանախագահի տողատակում: Որովհետեւ, եթե ԱՄՆ ու Ռուսաստանը բացարձակ գործակցեին հակառակի՝ ստատուս-քվոն փոխելու հարցում, ապա նրանք թերեւս վաղուց էին հասել իրենց նպատակին, եւ եթե օրինակ Ադրբեջանի այսպես ասած բլից-կրիգը կարող է Հայաստանից վերցնել 800 հեկտար՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր հաշվարկել, ապա ԱՄՆ ու Ռուսաստանի «բացարձակ գործակցության» օգնությամբ Ադրբեջանը վաղուց վերցրել էր անհամեմատ ավելին, եթե ոչ ամբողջը:
Հետեւաբար, աներկբա է, որ երկու տերությունների բացարձակ գործակցությունը ստատուս-քվոն պահպանելու ուղղությամբ է: Դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չունեն ռազմավարական տարաձայնութուններ Կովկասում, ազդեցության համար տարածաշրջանային պայքարում, կամ չկա պայքար նրանց միջեւ: Մյուս կողմից, բնականաբար հարց է առաջ գալիս՝ եթե պայքար կա, ապա ինչպե՞ս նրանք կարող են «բացարձակ գործակցել» ստատուս-քվոն պահելու հարցում:
Սակայն, բանն այն է, որ այդ մրցակցությունը հնարավոր է հենց ստատուս-քվոյի պահպանման պայմաններում: Հակառակ դեպքում, կողմերը պետք է մրցակցեն ոչ թե տարածաշրջանի ազդեցության, այլ ստատուս-քվոյի փոփոխության համար: Իսկ մրցակցության այդ «բովանդակությունն» արդեն նրանց համար լինելու է «սիզիփոսյան աշխատանք», այսինքն բացարձակապես անպտուղ:
Հետեւաբար, ԱՄՆ ու Ռուսաստանը բացարձակ անպտղության փոխարեն նախընտրում են բացարձակ գործակցությունը «մրցավայրի» ընտրության հարցում, որը տվյալ դեպքում հայկական երկու պետությունները կամ դե ֆակտո միասնական պետականությունն է:
Մրցակցությունն արդեն արտահայտվում է այդ պետականության որակով կամ դրա շուրջ պայքարով: