Search
Close this search box.

«Դու աղա, ես աղա, բա մեր աղունն ո՞վ աղա»

Lragir-ը գրում է.
Էներգետիկ ոլորտում 1 մլրդ դոլար ներդրումները մեկ սեփականատիրոջով են պայմանավորված, հետևաբար տնտեսության տեսանկյունից չեն տալու սպասված արդյունք: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Բոլորը ներդրումները համարում են տնտեսության զարգացման կարևոր ինստիտուտ: Հիմա այս 1 մլրդ ներդրումները գոնե այս ներդրումային սովի պայմաններում պետք է ողջունել, բայց միևնույն ժամանակ ներդրումները՝ որպես այդպիսին, հասարակության համար ընկալելի ու ցանկալի են դառնում, երբ ուղեկցվում են համապատասխան արդյունքներով՝ դրանք կլինեն աշխատատեղեր, արդիական արտադրություն, գործունեության ձևեր, որոնք կբերեն եկամուտների աճի, զբաղվածության թվի մեծացման: Սակայն մինչև օրս մենք այս մասին թերևս ավելի շատ հայտարարություններ ենք լսում, բայց չենք տեսնում շոշափելի արդյունքներ»,- ասաց Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Մասնավորապես, 900 մլն դոլար ներդրվելու է ՀԷՑ-ի արդիականացման, 200 մլն դոլար՝ Շնող ՀԷԿ-ի կառուցման համար: Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացման համար 900 մլն դոլար ներդրումը կարվի 10 տարիների ընթացքում:
Ըստ Վարդան Բոստանջյանի, «Քանի որ մեկ սեփականատիրոջով են պայմանավորված այս ներդրումները, պետք է տարիների ընթացքում իրացվեն: Այդ պարագայում սա այն էֆեկտը չի տալու, ինչ որ մենք կուզենայինք»:

Տնտեսագետը նկատում է, որ տարին ավարտվում է, և ակնհայտ է, որ չկա որևէ առարկայական ներդրում, ինչի մասին կառավարության անդամները տարեկսզբին էին խոսում:
«Բայց դրանից չէի ուզենա ողբերգություն սարքել, գոնե վստահ լինենք, որ դա շարունակություն չի ունենա: Իսկ այս 1 մլրդ ներդրումները հիմնակում պայմանավորաված են սեփականատիրոջ ցանկությամբ՝ հենց նույն էլեկտրական ցանցերն արդիակացնելու համար: Իսկ ինքն այնպիսի գործունեություն է իրականացնում, որ հասկանալի է, որ իր տեղամասը պետք է լինի հնարավորինս ժամանակակից: Այդ առումով նման ներդրումներն առաջին հերթին հենց այդ նպատակն են հետապնդում, իրեն են պետք: Լավ է, որ սկզբում այս ոլորտից են սկսում, բայց շատ ցանկալի կլինի, որ դա հիմք դառնա հետագա շարունակության համար և ոչ միայն էներգետիկ ոլորտում», ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել կադրային ռեսուրսի առումով:
“Նախկինում ունեինք միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ մասնագետներ՝ փականագործներ, շինարարներ, զոդողներ, մոտաժողներ և այլն: Այսօր այդ մասնագետները դադարել են գործել, երկրից արտագաղթել են, ովքեր իրական գործունեություն իրականացնող մասնագետներ էին: Այսօր միայն բարձր մասնագիտություններին են տեղ տալիս: Ստացվել է մի իրավիճակ, որ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, դու աղա, ես աղա, բա մեր աղունն ո՞վ աղա: Ենթադրենք ներդրումները բերել եք, այդ ներդրումներն իրենք իրենց չեն վերածվելու մեր համար բարեկեցության, դրանք ֆինանսական ռեսուրսներ են, որոնք պետք է գործարկողներ լինեն: Այդ որ ասում եք՝ բարենպաստ պայմաններ, ոչ միայն ներդրումների պաշտպանության համար պետք է լինեն, այլ նաև համապատասխան մասնագետների առկայության մասին է խոսքը”, ասաց Վարդա Բոստանջյանը: