Search
Close this search box.

Ադրբեջանը շարունակում է կեղծ քրեական գործեր հարուցել գերեվարված հայերի դեմ

Ադրբեջանը ոչ միայն չի կատարում գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ հանդուգն կերպով փորձում է գերիներին որպես «վարձկան» ներկայացնել եւ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում:

Turan-ի տվյալներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիեւը լրագրողներին հայտնել է այդպիսի հերթական քրեական գործերի մասին: Խոսքը հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացիների մասին է, ում Ադրբեջանը փորձում է որպես «վարձկաններ» ներկայացնել՝ չնայած այնտեղ էլ լավ գիտեն, որ դա այդպես չէ:

Լիբանանի քաղաքացու դեմ մի քրեական գործն արդեն ուղղվել է Բաքվի ռազմական դատարան: «Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին»,- հայտարարել էր Ալիեւը:

Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), եւ 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ այլ հոդվածներով: