Search
Close this search box.

ՀՀ ԱԺ խայտառակ հայտարարությունը 1991 թ. Ոսկեպարի դեմ «Կոլցո» օպերացիայի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ «30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ»:

Ինչպես տեսնում ենք, հայտարարության մեջ նշվում է բացառապես «ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ)» արտահայտությունը: Մի քանի օր առաջ «Կոլցո» օպերացիայի կապակցությամբ հայտարարություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն, որտեղ նույնպես բացակայում էր Խորհրդային բանակ արտահայտությունը: Պետք է նշել, որ սա առաջին անգամն է, նախորդ տարիներին հստակ նշվում էին թե խորհրդային բանակը, թե ադրբեջանական օմօնը:

«Կոլցո» գործողության ռուսերեն անունն իսկ հուշում է դրա ծագումնաբանությունը. այն ծրագրվել ու իրագործվել է Մոսկվայից: Գործողությունն իրականացրել է Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, սկսելով Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերից ու կիրառելով ծանր տեխնիկա եւ օդուժ: Տեղահանվել են Հյուսիսային Արցախի հարյուրավոր հայկական գյուղեր՝ ուղեկցվելով սպանություններով: Ընդ որում, խորհրդային-ռուսական բանակը հայերի դեմ գործել է թե ուղիղ, թե պրեքսի եղանակով՝ Այսպես կոչված ադրբեջանական օմօն-ի միջոցով:

Կոլցոն գործադրվել է նաեւ խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում: Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում խորհրդային բանակի դեսանտայինները գնդակոծել են ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով միլիցիայի 10 աշխատակիցներ եւ վարորդը տեղում զոհվել են, եւս երեքը ստացած վերքերից մահացել են հիվանդանոցում:

Կոլցոն հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու ռուսական 200-ամյա քաղաքականության օղակներից մեկն էր: Այդ շղթայից է 2020-ին Հայաստանի դեմ Արցախում Մոսկվայի իրականացրած «թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիան»՝ հայկական բնակավայրերի տեղահանմամբ ու հայ բնակչության հայրենազրկմամբ, ոչնչացնելով Արցախի բանակը, կարգավիճակը եւ զորք մտցնելով Արցախ:

Երեւում է ռուսները Երեւանի ու Ստեփանակերտի խամաճիկ ռեժիմներին արգելել են որեւէ ակնարկ անգամ թեկուզ խորհրդային պիտակով ցեղասպանական գործողությունների մասին, թեեւ ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչ երբեմն չքմեղանում էր բոլշեւիկների արարքների կապակցությամբ: Սա Ռուսաստանին «դուր գալու» պարզունակ փորձ է առաջին հայացքից, իրականում նման հայտարարություններն ազատում են Մոսկվայի ձեռքերը՝ Հայաստանի դեմ Ռուսաստանի սաստկացող հոգեբանական պատերազմում եւ պարարտ հող ստեղծում նոր սադրանքների համար:
LRAGIR.AM