Search
Close this search box.

Նրա դեմքով խոսում է ոչ թե իրավապաշտպանը, այլ ձախողված վարչապետացուի աներձագը

Նրա դեմքով խոսում է ոչ թե իրավապաշտպանը, այլ ձախողված վարչապետացուի աներձագը
Ընդամենը երեկ էի գրել, որ հետպատերազմյան Հայաստանում քաղաքական գործընթացների ստվերն ավելի շատ է եղել, քան երևացող այսբերգը։ Թվում էր՝ ընտրական գործընթացի մեկնարկն ամեն բան հրապարակայնացնելու է, բայց ուշ երեկոյան կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը ու դարձյալ համոզվեցի, որ հայտնի շրջանակները շարունակում են կատաղի պայքարն ընտրությունների դեմ, որովհետև շարունակում են հավատարիմ մնալ «իշխանափոխության» մի սցենարի, որը բնության մեջ գոյություն չունի։

Ավետիքի գրառումը հենց սրա մասին է, ոչ թե ԲՀԿ-ի «դավաճանության», Ավետիքի դեմքով խոսում է ոչ թե իրավապաշտպանը կամ անաչառ դիտորդը, այլ ձախողված վարչապետացուի աներձագը, «փրկչական» ձախողված «մեսիայով» ընտրական գործընթաց մտած «ազդեցիկ» զույգ բևեռների աջակիցը։ Նկատե՞լ եք՝ «աներձագի» ինստիտուտը փորձանք է դառնում էս երկրի համար, մեկը ատամներով իր աներձագի աթոռն է պահում, մյուսն էդ աթոռին տենչում է տեսնել իր աներձագին։

17-ի միավորման կամ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ես ու իմ կուսակցությունն էլ ենք եղել ու հետո, բարեբախտաբար, լքել ենք լուզերների այս ակումբը։ Ասել եմ ամիսներ առաջ ու կկրկնեմ հիմա՝ այս ձևաչափը ոչ թե հայրենիքին է փրկել, այլ՝ Փաշինյանին։ Ու դրա համար պետք չէ, որ «փրկիչները» մեղադրեն այդ մասին բարձրաձայնող տողերիս հեղինակին, «դավաճան» ԲՀԿ-ին, «դավադիր» ցրտին, «չհասկացող» ռուսներին ու էլ չգիտեմ՝ ում։

Էս ֆորմատն ի սկզբանե ծուռ էր, որովհետև դրա մեջ հավաքված բոլոր ուժերը, բացառությամբ՝ էլեկտորատ ունեցող ԲՀԿ-ի, իշխանություն էին տենչում՝ առանց ժողովրդի քվեի ու հիմա զարմանալի չէ, որ ընտրության օրակարգին հասած ԲՀԿ-ին մեղադրում են «դավաճանության» մեջ։

Կրկնում եմ՝ այս գրառումը ԲՀԿ-ին սատարելու մասին չէ, այլ՝ «քաղաքական երազախաբ» եղած վարչապետացուի ձախողման, «ընդդիմադիր» «ազդեցիկ» զույգ բևեռների մասին է, որոնք այսօր էլ պայքարում են ոչ թե իշխանության գալու, այլ «պատվավոր» երկրորդ տեղի համար։ Դրա համար էլ՝ նրանց թիրախը ոչ թե Փաշինյանն է, այլ՝ Ծառուկյանն ու նրա թիմը։

Այլ կուսակցությունների խորհուրդ տալ չեմ սիրում, բայց եթե Ծառուկյանին իրապես հաջողվի ուժեղ քաղաքական ցուցակ կազմավորել ու քաղաքական լուրջ բովանդակությամբ ներկայանալ հասարակությանը, կարող է գործող «սպիտակներին» ու անցյալի «սևերին» թողնել ընտրական գործընթացի ստվերում, որտեղ նրանք իրար հետ պայմանավորվելու ու «պասերով» խաղալու երկար ժամանակ կունենան։