Search
Close this search box.

Լոռիում, ինչպես Սյունիքում. չեմ կարող ասել՝ ում դիրքերն են ամուր, ումը՝ ոչ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ձայներ ապահովելու որոշ մարզերում։ Սյունիքից բացի, իշխանության աքիլեսյան գարշապարն է նաեւ Լոռին, որտեղ անհամեմատ ամուր են ընդդիմության դիրքերը, մասնավորապես՝ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի։

Արագածոտնի մարզն էլ համարվում է  դաշնակցականների մարզը, Կոտայքը Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտին է։ Չնայած 2018-ի ընտրություններին Լոռին իշխանության ստացած ձայներով երրորդն էր՝ Արարատից եւ Կոտայքից հետո, այստեղ «Իմ քայլը» մոտ 73 հազար ձայն է ստացել, սակայն հասկանում են, որ ժամանակները փոխվել են, հեղափոխությունից հետո նախկիններից ոմանք ինքնակամ, ոմանք՝ հարկադրաբար աշխատել են Նիկոլ Փաշինյանի համար։ Բայց պատերազմը փոխել է իրավիճակը, իսկ մարզում չեն հավատում ո՛չ քաղաքային եւ մարզային չինովնիկներին, ո՛չ էլ առավել եւս իմքայլական՝ իրենց մարզում զրոյական հեղինակություն ունեցող «ուսապարկերին», որոնցից են Արեն Մկրտչյանը, Արփի Դավոյանը։ Բայց Ստեփանավանում քիչ թե շատ սիրում են Սուրեն Պապիկյանին, Վանաձորում մարզպետ Արամ Խաչատրյանի շրջապատն է մեծ, դրան գումարած վարչական լծակը։

Բայց, միեւնույն է՝ իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում այս մարզում՝ հասկանալով, որ դիրքերը թույլ են։ Նաեւ՝ որովհետեւ այստեղ բավականին շատ են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերին սատարող գործարարները, մարզային հեղինակություններն ու ձեռնարկատերերը։ Հիմիկվանից աննախադեպ եռուզեռի մեջ են ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները, նրանք ամենաճոխ գրասենյակներն են վարձակալել, ընդ որում՝ բավականին բարձր գներով, տասնյակ աշխատակիցներ են ընդունել, ողջ օրը եռուզեռ է, քաղաքացիներ են ընդունում, խոստումներ տալիս։ 

Տեղեկացանք, որ մարզի բոլոր շրջաններում ընդդիմադիր ուժերը պատասխանատուներ ունեն։ Տաշիրի հատվածում ակնկալում են աջակցություն Կարապետյան եղբայրներից կամ նրանց շրջապատի անձանցից, չնայած տեղեկություններին, որ Սամվել եւ Կարեն Կարապետյաններն աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, սակայն նույնքան ջերմ հարաբերություններ են պահպանում Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի հետ, եւ չի բացառվում, որ իրենց շրջապատին ուղղորդեն երկու ուժերի կողմը, սակայն ազատ թողնեն, որպեսզի յուրաքանչյուրն ինքը որոշի՝ Քոչարյանի դաշինքի՞ն տա իր ձայնը, թե՞ Վանեցյան-ՀՀԿ-ին։ 

Գրեթե նույն տրամադրություններն են նաեւ ՀՀԿ-ի ժամանակների կարկառուն գործարարներից Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի շրջապատում։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արկադիի որդիներից մեկը հնարավոր է ընդգրկվի ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում։ Բոլոր դեպքերում, Սպիտակի շրջանում այս գործարարի շնորհիվ կրկին ավելի ամուր են ընդդիմության դիրքերը, քան իշխանությունների։ Ալավերդու տարածաշրջանում էլ ընտրություններով զբաղվելու է նախկին մարզպետ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը, ում այստեղ հարգում եւ ընդունում են։ Վանաձորի հատվածն ամբողջությամբ Վահրամ Բաղդասարյանի աշխատանքային տիրույթն է։ Թեեւ այստեղ մեծ էլեկտորատ ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, վանաձորցի Էդմոն Մարուքյանը եւ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, գրեթե բոլոր ընտրություններին վատ ցուցանիշներ չեն ապահովել հայրենի մարզում, այս անգամ էլ հույս ունեն առնվազն երկրորդ տեղը գրավել, իսկ առաջին տեղում ԼՀԿ-ում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն է լինելու։ 

Անհամեմատ թույլ են «Բարգավաճ Հայաստանի» դիրքերը Լոռիում։ Գագիկ Ծառուկյանը Լոռիում ուժեղ թեկնածուներ չունի, ասացին՝ թեկնածուների փնտրտուքի մեջ է։ Իսկ այս պահին հույսը նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանն է, ով հեղափոխությունից հետո ԲՀԿ-ի քվոտայով նշանակվեց Լոռիում, ինչպես նաեւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը։ Երեկ նա մեզ փոխանցեց, որ դեռեւս ակտիվություն չի դրսեւորում, իր համար կուսակցական գրասենյակում նստում է, երբ ԲՀԿ-ն կորոշի, որ ինքն էլ է լինելու ցուցակում, այն ժամանակ կսկսի աշխատանքներ տանել։

«Ես այսքան քաղաքական վայրիվերումներից հետո դեռ չեմ կարող ասել՝ ում դիրքերն են ամուր, ումը՝ ոչ, ես մինչեւ չմտնեմ խաղի մեջ, չեմ կարող․․․ Իսկ ես՝ որպես Ասատրյան Վանիկ, այս տարածաշրջանում կամ, թե ինչ կարող եմ անել, ես էլ չգիտեմ»,- ասաց նա՝ շեշտելով նաեւ․ «Ընդհանրապես, դեռ էդպես նախընտրական աշխուժություն էլ չկա»։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ, մեր տեղեկություններով, կաջակցի ՀՀԿ-ին, սակայն հնարավորինս «անաղմուկ» եւ պասիվ, քանի որ հոկտեմբերին քաղաքապետի ընտրություններ են սպասվում, եւ որպեսզի իշխանության աչքի փուշը չդառնա, նա որոշել է հնարավորինս լոյալություն պահպանել։ Երեկ նրան հարցրինք՝ ընտրություններին իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում է լինելու։ «Ես լինելու եմ իմ՝ քաղաքապետի դաշտում։ Եթե ֆունկցիոնալ առումով ընտրական պրոցեսին մասնակցելու լինեմ, ստիպված եմ լինելու աշխատանքի չներկայանալ, արձակուրդ գնալ։ Ամեն դեպքում, չեք մոռացել, որ ավագանին ընդդիմության դաշտում է, իսկ ես պարտավոր եմ իմ աշխատավայրում նեյտրալությունը պահել, քաղաքական կողմնորոշմանս մասին բարձրաձայն չհայտնել, հիմա ես զուսպ կլինեմ, իսկ հետագայում արդեն կորոշենք»։

hraparak.am