Search
Close this search box.

Համոզված եմ, որ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ:

Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:

Համաժողովին մասնակցող վեց նախարարներն առանձին ելույթներ են ունեցել ոլորտային աշխատարաններում՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ քննարկելով Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի հնարավորությունները:

Շնորհակալություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և բոլոր մասնակից կազմակերպություններին ու անձանց՝ արժեքավոր քննարկումների համար: Համոզված եմ, որ շուտով արդյունքները տեսանելի կլինեն արցախցիների համար»: