Search
Close this search box.

Պետական գաղտնիքն ինչ կապ ունի Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու վերաբերյալ հայտարարության հետ

Ազգային անվտանգության ծառայությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20-ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակնեում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին։ Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։

Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատերազմը տանուլ տալու համար, բացահայտումներ արած Հակոբյանին են մեղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար։ Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պետական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում։ «Իմ հայտարարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը։

– Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվե՞լ է։

– Նոյեմբերի 20-ի հայտարարությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել։

– Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պետական գաղտնիքը։

– Չէ (ծիծաղում է)։

– Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարարությո՞ւնը։

– Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում։

– Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք։

– Չէ, նախաքննության գաղտնիք է դա։