Search
Close this search box.

Ի՞նչ եղան ՌԴ-ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող բեռները․ պատկան մարմինները գաղտնի են պահում

Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոնների խմբաքանակ տեղափոխող 2 բեռնատար շուրջ մեկ ամիս Վերին Լարսի անցակետում անցկացնելուց հետո այդպես էլ չկարողացան հումանիտար օգնությունը հասցնել Հայաստան։ Բանն այն է, որ վրացական կողմն արգելել է նրանց սահմանն անցնել, որի հետևանքով բեռնատարները վերադարձել են Ռուսաստան։

Անդրադառնալով խնդրին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ հարցը կարգավորելու աշխատանքներն ընթացքի մեջ են՝ նշելով, որ դրանցից ավել ոչինչ չեն կարող ասել։ Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար ուղղորդեց կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ։

Մեր հարցին ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից փոխանցեցին․ «Մեր գործընկերների հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։ Առաջիկայում հարցը կգտնի իր լուծումը»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ ի վերջո բեռնատարները վերադարձե՞լ են ՌԴ, թե՞ դեռ Վերին Լարսում են, նախարարության խոսնակը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ այս հարցով այլ մանրամասներ չի կարող հրապարակել։

Թե ինչ է կատարվում իրականում՝ հայտնի չէ․ պատկան մարմինները խնդրի հետ կապված մանրամասները գաղտնի են պահում։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել: Ռուսաստանից բեռը, բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն ստացած, Լարսի անցակետով անցել է, հասել է Վրաստան, սակայն այնտեղ խնդիրներ են եղել։ Հարցն այն է, որ փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, որի համար անհրաժեշտ է Վրաստանի ՊՆ թույլտվությունը։ Այս ամենից հետո հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները վերադարձել են Ռուսաստան։

Lurer.com