Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խաչատրյանը Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճան շքանշանով

5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Հայկ Խաչատրյանը՝ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի լուրը լսելուց անմիջապես հետո` իր եղբայրների ու ընկերների հետ միասին կամավորագրվեց՝ միանալով Արցախի Շահումյանի շրջանում ձևավորված «Շահեն Մեղրյանի» ջոկատին:

Ջոկատի տղաներով եղան առաջնագծում՝ իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հայկ Խաչատրյանը մասնակցեց նաև Ավետարանոց-Քարին տակ-Շուշի բնագծում ծավալված մարտական թեժ գործողություններին:

Հիշեցնենք՝ «Շահեն Մեղրյանի» ջոկատի կամավորները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին հաջողվեց ճողոպրել:

Նոյեմբերի 6-ին Շուշիի պաշտպանության ծանր մարտերի ժամանակ Հայկը, եղբայրը, ընկերները վիրավորվեցին:

Առաջին վիրահատությունը Ստեփանակերտում էր, այնուհետև Հայկ Խաչատրյանը տեղափոխվեց Երևան, որտեղ ևս 4 անգամ վիրահատվեց: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կազդուրվում է, բայց առջևում իրեն ևս մեկ վիրահատություն է սպասվում:

Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Հայկ Խաչատրյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճան շքանշանով: