Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորոգեց տան տանիքը, իսկ օրեր անց փլվեց տան սյուներից մեկը. Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ

Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը ծնվել էր 1995 թվականին, Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, 2013-2015 թվականներին ծառայել Արցախում, 2015-2017 թվականներին՝ սահմանապահ զորքերում, իսկ 2017 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ 2018 թվականից հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրականացրել էին մարտական հերթապահություն։

Բենիկ Լալայանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մինչև հոկտեմբերի 29-ը մասնակցեց Քարվաճառի շրջանի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց վերադարձավ տուն։ Մի քանի օրում նորոգեց տան տանիքը, իսկ նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ՝ Շուշի։

Բենիկ Լալայանն ու ծառայակիցները ահեղ մարտեր մղեցին։ Վերջին անգամ տան անդամների հետ խոսելիս ասել էր՝ թեժ մարտեր են, հնարավոր է՝ չվերադառնամ։ Նոյեմբերի 7-ից Բենիկից այդպես էլ ոչ մի լուր չեղավ…

Նորոգեց տան տանիքը, իսկ օրեր անց փլվեց տան սյուներից մեկը։ Լալայանների ավագ որդին՝ Բենիկ Լալայանը, զոհվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Չվարանեց, չնահանջեց, կռվեց մինչև վերջ ու իր անունը փառքով գրեց հանուն հայրենիքի կյանքը տված հայորդիների շարքերում։