Search
Close this search box.

Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր

Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջացած հակառակորդը հետ է քաշվել ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, որը գործընկերոջ հետ այցելել է Նոր Ղազանչի:

«Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։ Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել»,-նշել է պատգամավորը:

Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր:

«Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասել է Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում: