Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տղաս 78 օր կորած մնացել է ձյան, անձրևի տակ, ամեն առավոտ զարթնում էի, ասում՝ Մարինե՛, ձյո՛ւն եկավ, տեսնես՝ ինչ կլինի»

Դադամյանների ընտանիքում վերջին 6 ամսվա ընթացքում չգիտեն՝ ի՛նչ են ուրախությունն ու ժպիտը, լացը չի դադարում, ցավը չի ամոքվում։

36-ամյա Մարինե Դադամյանի ամուսինը՝ զինվորական, 20 տարվա սպա, 39-ամյա Ռոման Դադամյանը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս։

Մարինեն ամուսնու՝ Ռոմանի հետ, վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 4-ի հատվածում, դրանից հետո զանգերն արդեն անպատասխան են մնացել:

«Զանգեցի, ասեց՝ Մա՛ր, մի՛ զանգի, խանգարում ես, որ հարմար լինի, կզանգեմ։ Ժամը 6-7-ի հատվածներում ինքը զոհվել ա, հեռախոսը որ միացրել ենք, վերջին զանգը եղել ա 5-ն անց 15 – 5 անց 20, որ արդեն չի պատասխանել, երևի արդեն զոհված ա եղել։

Մելիքաշեն գյուղում ա զոհվել, գնացել է վիրավոր զինվորներին հանելու, ու մնացել են էնտեղ, մի ժամ հետո «Մուխայով» խփել են։ Տեսնողներ եղել են, ասում են՝ մենք վերևից տեսել ենք, որ խփել են։ Մի հոգի վիրավոր փախել ա, մտածել են՝ ամուսինս ա, դրա համար չէին ասում, որ Ռոման զոհվել ա: Ում զանգում էինք, ասում էին՝ ինչի՛ եք խառնվել, հատուկ գործողության ա»,- պատմում է կինը։

Զոհվելուց 78 օր հետո է միայն Ռոմանի մարմինը հայտնաբերվել, իսկ մինչ այդ ընտանիքը հակասական տեղեկություն էր ստանում՝ լուր էր հասնում, որ ամուսինը զոհվել է, հետո հերքվում էր:

«Հենց հոկտեմբերի 10-ին իրա հոպարի տղաներն ասեցին, որ Ռոման զոհվել ա: Շատ ահավոր էր, բոլորն եկան, ինչքան բարեկամ կար, գալիս էին մինչև հոկտեմբերի 12-ը: Հետո ասեցին՝ ողջ ա, ուրախացանք, նորից սկսեցինք հույս ունենալ, իմ 14 տարեկան տղան մոտեցնում էր գերիների վիդեոները, ասում՝ մա՛մ, միգուցե էս պապա՞ն ա: Ամենափիս բանն ա սպասողական վիճակը: Ասում էինք՝ Գո՛ռ, միգուցե պապան մահացել ա, ասում էր՝ տենց բան չասեք, պապաս գալու ա, հետո որ Ստեփանակերտից զանգեցին, ասեցին՝ Ռոմանին բերել են, ինքն էլի հավատում էր։

Զոհվելուց 78 օր հետո՝ դեկտեմբերի 27-ին, գտան մարմինը, 78 օր մնացել էր, քայքայվել էր արդեն ձյունից, անձրևից, հետո շունը- բանը: Դագաղը փակ ա եղել, մենք չենք տեսել իրան, ես ուզում էի մտնեի, տեսնեի, ինձ չթողեցին: Իմ ախպերն ասում ա՝ որ դու տեսնեիր, չէիր մոռանա, շատ ահավոր վիճակում ա եղել, բայց զարմանալի էր, որ իր դակումենտները, հեռախոսները անվնաս մնացել են, դակումենտներից մահվան հոտ էր գալիս, իսկ հեռախոսի վրա մի խազ չկար։ Հունվարի 5-ին հուղարկավորեցինք իրեն Եռաբլուրում»,- հուզմունքով պատմում է Մարինեն։

Ռոմանի մայրը՝ 64-ամյա Լյուսյա Դադամյանը, ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել որդու կորստյան հետ, նրա մասին պատմելիս արցունքներն անվերջ հոսում են. «78 օր կորած մնացել էր ձյան տակ, անձրևի տակ: Որ ձյուն էր գալիս, ես ամեն առավոտ զարթնում էի, ասում՝ Մարինե՛, ձյո՛ւն եկավ, տեսնես ինչ կլինի»։

Մայրը կսկիծով ասում է, որ երրորդ պատերազմի միջով անցան, վերջին պատերազմը ամենադաժանն էր բոլոր առումներով:

«Պատերազմը իրա զոհերն ունի, ես պատերազմ առաջին անգամ չեմ տեսնում, բայց մենք սենց բան չէինք տեսել, էս ի՛նչ պատերազմ էր՝ օդով կրակում էին, կամիկաձեն գալիս էր: Վերջին օրը չեմ մոռանում Ռոմայիս ձայնը. եկավ պադվալ, ասեց՝ մա՛մ, դո՛ւրս արի էստեղից, որ ես հանգիստ աշխատեմ: Իսկ ես մտածում էի, որ մնամ էնտեղ, իմ Ռոմայիս կպահեի, ես դուրս եկա, ինքը երկրորդ օրը մահացավ։

Ես կորցրել եմ ամեն ինչ՝ տուն-տեղ, ունեցվածք, ամուսնուս գերեզմանն եմ թողել էնտեղ, մամայիս, պապայիս, տատիկիս, պապիկիս, ամեն ինչ։ Երեկ նույնիսկ մամայիս ծննդյան օրն էր, ասում եմ՝ ո՞ւր գնամ, ծաղիկ դնեմ, մեր բոլոր սրբությունները թողել ենք էնտեղ։ Որ ես իմանամ՝ կռվել են, զոհվել են հանուն էդ հողի, հանուն իրենց տների, բայց մեր զոհերը իրենց հողում չեն, հողն էլ տվեցին: Հողը չտային, կիմանայինք՝ զոհվել են հանուն ինչի»,- հուզմունքով ասում է Լյուսյան։

Պատերազմը թեժ օրերին մայրը շարունակել է Հադրութում մնալ։ Տղայի հորդորով կինը երկու երեխաների հետ դուրս է եկել, սակայն մայրը չէր հեռանում, մինչև հոկտեմբերի 7-ը, երբ Հադրութից բոլորին հանեցին:

«Տղայիս համար մնացի Հադրութում մինչև ամսի 7-ը։ Հետո եկավ քաղաքապետը, ասեց՝ ձեր օգնության կարիքը կա, զինվորներին հաց ա պետք, ես էլ կրակոցների տակով, գնացինք փուռ, 500 հաց թխեցինք, կնանիքով մեշոկներով կարտոշկա էինք կճպում, օգնում էինք, Ռոման գիշերը գալիս էր, գնում, փոխվում էր, ես էլ ասում էի՝ մնամ՝ նասկիները լվանամ։

Ամսի 7-ին վերջին անգամ եկավ, էդ որ տեսա, ինձ ասում էր՝ գնա, էլի չլսեցի, հետո վերջին պահով թուրքերը եկել էին Վանք գյուղով, մտել էին մեր պադվալները, արդեն Ռոման զանգեց, ասեց՝ դո՛ւրս արի: Ամսի 7-ին գիշերվա ժամին հոսպիտալի մեքենաներով բոլորին հանեցին»,- վերհիշում է Լյուսյան։

Ռոմանի կնոջ և մոր համար Եռաբլուրը այժմ դարձել է երկրորդ տունը, բոլոր ծնունդներն ու առիթները էնտեղ են անցկացնում։

Եռաբլուր այցելելիս յոթ գերեզման են գնում, պատերազմը յոթ արյունակից հարազատի ու ընկերոջ կյանք է խլել:

«Օգոստոսին Դավիթիս մի տարեկանն էր, մեծ ծնունդ ենք արել, բոլոր հարազատների համար դա վերջին մեծ ուրախությունն էր, ու էդ ծնունդին՝ ովքեր ներկա են եղել, բոլորից զոհեր ունենք։ Ամուսնուս հոպարի տղան ա զոհվել, կեսուրիս ախպոր թոռն ա զոհվել, մեր ընկերներից են զոհվել, կեսուրիս մյուս ախպոր թոռը անգիտակից՝ երկու ամիս կոմայի մեջ ա եղել: Հիմա որ գնում ենք Եռաբլուր, յոթ գերեզման ենք գնում, սաղ հարազատ են, սաղ մերն են»,- սրտի կսկիծով ասում է Մարինեն։

Հայրենասեր, ընտանիքին ու աշխատանքին նվիրված՝ այսպես են բնութագրում Ռոման Դադամյանին կինն ու մայրը։

Ցավով ասում են, որ երկրորդ սպասված երեխան՝ մեկուկես տարեկան Դավիթը, այդպես էլ չվայելեց հոր ներկայությունը, իսկ մեծ տղան՝ 14-ամյա Գոռը, հոր մահից հետո ինքնամփոփ է դարձել, լացում է գիշերները՝ մոր ու տատի աչքից հեռու:

«Մենք Դավիթի ծնվելուն շատ էինք սպասում, ծնվել էր, էնքան էինք ուրախացել, պատերազմը չթողեց, որ վայելենք, ուրախանանք։ Գոռը զգաց, թե պապան ինչ ա, բայց Դավիթը՝ չէ՛, նոր էր սկսել պապա ասել։

Մայիսի 18-ին Գոռս կդառնա 14 տարեկան, ինքը մի օրում մեծացավ, ինքը չլացեց, մենք սպասում էինք, բայց ցույց չի տալիս, ինքը գիշերն ա լացում, տատիկին ասում ա՝ հոգիս ա լացում, բաբո՛, ես չեմ կարում լացեմ, ինքը շատ կապված էր պապայի հետ»,- պատմում է Մարինեն։

Մի կողմից՝ Ռոմանի զոհվելու հանգամանքը, մյուս կողմից՝ հայրենիքի, տան ու ապրուստի կորուստը և ապագայի անորոշությունը իրական մղձավանջ են դարձել ընտանիքի համար։

Այժմ Ռոմանի կինն ու մայրը փորձում են սփոփանք գտնել երեխաների հանդեպ հոգատարության, դաստիարակության և երեխաների վերաբերյալ Ռոմանի երազանքների կատարման մեջ։

«Գնում եմ Եռաբլուր, տեսնում եմ՝ 18-19 տարեկան տղերք են պառկած, որ անգամ իրենցից հետո ժառանգ չեն թողել, բայց ես երկու տղա ունեմ, ասում եմ՝ մենք երեխեքի համար ինչքան պլաններ որ ունեինք ամուսնուս հետ, պետք ա էնքան ուժեղ լինեմ, որ բոլորը կատարեմ։

Ես կուզեմ, որ կարողանամ էստեղ տուն առնեմ, եթե օգնություն լինի, ես իմ տունը ունենամ, երկու տղա երեխա ունեմ, մենք էնտեղ ամեն ինչ էինք դրել, ամեն ինչ սարքել էինք, ամեն ինչ ունեինք՝ մեծ, սեփական տուն, այգի, շատ լավ ու երջանիկ ապրում էինք: Իսկ հիմա ոչինչ չունենք, ամեն ինչ թողինք թուրքին, անգամ մեր սրբություններն ու գերեզմանները»,- նեղսրտելով ասում է Մարինեն։