Search
Close this search box.

Պետությունից 2 միլոնի թալան` պրիմիտիվ ստախոսությամբ

«Էրեխեք ջան, ինչը մեկնաբանեմ՝ դրան: Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»- այսպես մեկնաբանեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հերմինե Նաղդալյանն՝ իր  ծառայողական բջջային հեռախոսից գոյացած 2 մլն դրամի պարտքի պատմությունը:

Նաղդալյանի փաստաբանի  պարտականություններն անմիջապես իր վրա վրա վերցրեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար և այն ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: Իսկ  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն էլ, ըստ Արսեն Բաբայանի,  կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը:

Արսեն Բաբայանը նաև տեղեկացրել էր, որ Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու:

Թվում էր, թե այսքանով աղմկահարույց թեման փակվեց, սակայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝  իր տարածած հաղորդագրությամբ՝ ուղղակի սառը ջուր լցրեց Նաղդալյանի ու Բաբայանի խոսքերի վրա:

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»,- մասնավորապես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստորեն` սա այն դեպքն է, երբ վարչապետի խոսքով ասած՝ դեռ գործ ունենք պրիմիտիվ ստախոսության հետ՝ զուգորդված պետությանն ամեն գնով կեղեքելու, թալանելու ու եղած ապացույցները կոծկելու, պարտակելու փաստով:

ArmLife.am