Search
Close this search box.

Առաջարկ՝ ընդլայնել զինվորական համաներումից օգտվողների շրջանակը

Հազարավոր երիտասարդներ սպասում են ժամկետային զինվորական զորակոչից խուսափած անձանց հանդեպ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին։ Կառավարությունը որոշել էր, որ համաներումից պիտի օգտվեն բացառապես մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած անձինք։

Հիմնավորումն այն էր, որ ովքեր խուսափել են գալ հայրենիք եւ մասնակցել արցախյան երկրորդ պատերազմին, նրանք իրավունք չպիտի ունենան օգտվելու համաներումից։

Սա սխալ մոտեցում է, քանզի հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ Հայաստան եւ մեկնել առաջնագիծ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օդային սահմանների փակ լինելու պատճառով պարզապես չեն կարողացել։
Ուստի, վաղը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելու ենք առաջարկ՝ ընդլայնել անձանց շրջանակը, ում վրա տարածվելու է օրենքի նախագիծը եւ մինչեւ «2020 թվականի սեպտեմբերի 26-ը» ձեւակերպումը փոխարինել՝ «մինչև սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելը» ձեւակերպմամբ, որը էապես մեծացնում է համաներումից օգտվող մեր հայրենակիցների շրջանակը։

Բացի դա, նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ համաներումը չի կիրառվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Այս կարգավորումը եւս վիճելի է, քանզի արտերկրում ապրող բազմաթիվ մեր հայրենակիցներ տարբեր խնդիրների պատճառով, օրինակ՝ վավեր անձնագիր չունենալու պատճառով, կարող է չհասցնեն անձամբ գալ Հայաստան, իսկ քրեական հետապնդումից ազատվելու գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։

Ուստի, տվյալ պետության իրավասու պետական մարմինների հետ հետագայում խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում՝ «անձամբ կամովին» ձեւակերպումից հետո լրացնել «կամ՝ լիազորված անձի միջոցով» ձեւակերպումը։
Այս նախագծով մենք կարեւոր խնդիր ենք լուծում եւ եթե որոշել ենք գնալ լայն համաներման, ապա այն չպիտի լինի ընտրովի եւ անարդար։
Հուսանք վաղը հանձնաժողովը կընդունի մեր առաջարկը եւ հազարավոր հայ երիտասարդներ հնարավորություն կստանան վերադառնալու հայրենիք։

Նաիրա Զոհրաբյան