Search
Close this search box.

63-ամյա տղամարդը էլեկտրոցանցի դիմաց բենզինը լցրել էր իր վրա և սպառնում էր ինքնահրկիզվել

Ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային հրշեջ փրկարարական վարչություն և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի էլեկտրոցանցի դիմաց մի քաղաքացի սպառնում է իրեն հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները բաժնի պետ Ա. Ոսկանյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ բանակցություններ են վարել Երևանի բնակիչ՝ 63-ամյա Եղիշե Կ-ի հետ, որպեսզի վերջինս չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Նա իր վրա էր լցրել բենզին և ոստիկաններին ու փրկարարներին ասում էր, որ Մասիս քաղաքի Մասիս կայարանի արդունաբերական հանգույցի Երկաթուղայինների փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղում հոսանքի անջատման հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել էլեկտրոցանցի աշխատակիցների հետ. «Ինչի համար էլ էլեկտրոցանցի դիմաց որոշել եմ ինքնահրկիզվել»։ Ոստիկանության ծառայողներին ու փրկարարներին հաջողվել է համոզել նրան և վերջինիս ձեռքից վերցրել են կրակայրիչը և կանխել են ինքնասպանության փորձը։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։