Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս մասին նա հայտնեց իր այսօրվա ուղերձում:

Նա կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրություններին եւ ինքն էլ մասնակցելու է որպես վարչապետի թեկնածու:

Նշենք, որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: