Search
Close this search box.

Ինչ հասցրեց քանդել ու ավերել Մեսրոպ Առաքելյանը 5 ամսվա ընթացքում

Այսօր՝ առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Առաքելյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին, նա այդ պաշտոնը զբաղեցրեց 5 ամիս։ Այս 5 ամսվա ընթացքում Մեսրոպ Առաքելյանը նախ հասցրեց սոցապում աշխատանքի տեղավորել ՄՈԳՈ վարկային կազմակերպության աշխտողներին, որի խորհրդի նախագահն է ինքը։

Նա նաև հասցրեց քարուքանդ անել սոցիալական ապահովության ոլորտը, և 7 հարյուրից ավել մարդկանց կանգնեցնել գործազրկության վտանգի առաջ։ Մասնավորապես սոցապծառայության վերաձեւավորումից հետո, երբ այն ներառեց մի շարք ինտեգրացված ծառայություններ եւ այժմ կոչվում է Միասնական սոցիալական ծառայություն, տարածքային կառույցների համապատասխան բաժինների աշխատողները մեխանիկորեն պետք է շարունակեին աշխատել նոր անվանումով կառույցում, որովհետեւ մարդիկ մեղավոր չեն, որ պետությունը որոշել է սոցապահովության ողջ համակարգը քանդել եւ նորը սարքել։ Իսկ եթե դա համարում են կառուցվածքային փոփոխություն, ապա օրենքը պահանջում է, որ նախկին աշխատողներն ունենան առավելություն՝ նախ նրանց առաջարկեն զբաղեցնել աշխատատեղերը, ապա եթե նրանք չհամաձայնեն, նոր մրցույթ հայտարարեն կամ նոր մարդկանց ընդունեն։

Բայց սոցիալական պետական ծառայությունը կամ Միասնական սոցիալական ծառայությունը, որը դեռեւս պետ էլ չունի, որոշել է ողջ համակարգը քաոսի վերածել եւ մարզային կառույցների աշխատակիցներին 2 օր ժամանակ է տվել թափուր պաշտոնների համար իրենց փաստաթղթերը ներկայացնելու նպատակով, ինչն օրենքի խախտում է։ Մի շարք տարածքներում արդեն նշանակվել են նորերը, որոնք որևէ փորձ չունեն և բերվել են ՀԿ ոլորտից։ Իր պաշտոնավարման ընթացքում Մեսրոպ Առաքելյանը նաև հասցրեց աշխատանքից ազատել Երևանի Թիվ 1 տուն- ինտերնատի տնօրենին՝ Թիվ 1 տուն ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միացնելու պլաններով։ Նրա պաշտոնավարման ժամանակ տարեց խնամյալները բողոքի ակցիա ու հացադուլ արեցին։
hraparak .am