Search
Close this search box.

Գիշերով գյուղը լուսավորվեց՝ վարչապետի կորտեժն է եկել․ Շուռնուխի գյուղապետը Փաշինյանի այցի մասին

Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 20-ին 21:30-ի սահմաններում առանց տեղեկացնելու այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Այո, Փաշինյանը Եկել է գյուղ, այցելել 1-2 տուն եւ թողել, գնացել է: Չգիտեմ՝ ինչպես են ընդունել գյուղացիները: Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր: Երբ ես տեղեկացել եմ, որ վարչապետը գյուղում է, նա արդեն քայլելիս է եղել գյուղամիջով, 1-2 տուն այցելել է եւ գնացել: Այցելել է Արցախից տեղահանված ընտանիքի եւ գյուղի բնակիչների ընտանիք է մտել, տեղյակ չեմ՝ ինչ են խոսել, ինչի համար է գնացել»,-պատմեց նա:

Արշակյանը նշեց, որ ասօր գյուղ էին այցելել նաեւ նախագահը եւ ՄԻՊ Արման Թաթոյանը, սակայն նրանց այցը 2 օր առաջ է նախապես զգուշացված եղել:

«Այսօր նախագահն է այցելել գյուղ, 2 օր առաջ ես տեղյակ եմ եղել, որ մարդիկ գալու են գյուղ, ի սկզբանե ասված է եղել, որ ժողովրդի հետ հանդիպում չի սպասվում, բայց հետո տեղեկացվել ենք, որ ժողովուրդը կարող է մոտենալ, շփվել իրենց նախագահի հետ: Մարդիկ մոտեցել, հանդիպել են նախագահի հետ, իրենց հուզող հարցերը տվել են եւ բանի ճանապարհ մաղթել նախագահին: Իսկ այսօր 21.30 գյուղը լուսավորվեց գույնզգույն լույսերով. վարչապետի կորտեժն է եկել, ես անձամբ տեղեկացված չեմ եղել»,- հավելեց նա:

Հարցին, թե որպես համայնքապետ ինչպես է գնահատում Փաշինյանի այցի նման գաղտնիությունը, Արշակյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ գնահատական տամ, գյուղացիները թող գնահատեն: Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում, միգուցե գաղտնիությունը պարտադիր էր, չէ, որ մի փողոց այն կողմ ադրբեջանցիներն են»:

Գուղապետը հավելեց, որ Փաշինյանի շարասյունը այնուհետ գնացել է Կապանի ուղղությամբ, բայց ոչինչ չգիտի թե դրանից հետո ուր է գնալու:

Mediaport-ի տեղեկություններով՝ Կապանի կենտրոնում նա մոտ 300 մետր ոտքով քայլել է՝ հայրուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ապա ուղևորվել է «Էլեգանտ» ռեստորան՝ ընթրելու: