Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը թաքցրել են իրական եկամուտները

ՊԵԿ-ը խախտումներ է արձանագրել «Առինջ Մոլ»-ում, «Երևան սիթի»-ում, «Տաշիր ինվեստ գրուպ»-ում
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզաբանմամբ է հանդես եկել հարկային ստուգումների առնչությամբ՝ հայտնելով, որ այս տարվա նոյեմբերից երևանյան տոնավաճառներում հսկողական միջոցառումներ են իրականացնում։

«Մասնավորապես` առևտրի իրականացման վայրերի կազմակերպիչների գործունեությունն ուսումնասիրելու համար կոմիտեում բացվել է 196 հանձնարարագիր, որից ընդամենը 31-ը` «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում («Առինջ մոլ»): Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը, ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես, եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն: Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» և առևտրի կազմակերպման ևս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ն ցանկացած՝ անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում՝ խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց և վճարելուց»,-ասված է պարզաբանման մեջ։

Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ ՊԵԿ-ն ապաքաղաքական մարմին է, ուստի իրենց գնահատմամբ՝ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է։

«Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնք խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, և վերջիններիս նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ։ Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր և միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն և չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Այդ պարզունակ մեղադրանքներին լավագույնս հակադրվում են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների արձանագրած ցուցանիշները, որոնք, ի դեպ, հրապարակային են»,-նշված է պարզաբանման տեքստում։

Նկատենք, որ ըստ ՊԵԿ ուղարկած տվյալների՝ «Երևանի պահածոների գործարան» ՍՊԸ-ում (Սուրմալու) բացվել է 29 հանձնարարագիր, որոնցից 14-ում արձանագրվել են խախտումներ, «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում (Առինջ Մոլ) բացված 31 հանձնարարագրերից 8-ում հայտնաբերվել են խախտումներ։ ՊԵԿ-ը խախտումներ է արձանագրել նաև «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ում (Երևան սիթի), բացված 12 հանձնարարագրերում արձանագրվել է 3 խախտում, «Տաշիր ինվեստ»-ում՝ 17 հանձնարարագիր, 7 խախտում, «Ռոսիա Մոլ»-ում՝ 15 հանձնարարագիր, 7 խախտում։

ՊԵԿ-ն ուղարկել է նաև որոշ տոնավաճառներում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը. ըստ այդ ցուցանիշների՝ «Առինջ Մոլ»-ում կա 748 սուբյեկտ, «Սուրմալու»-ում՝ 361, «Փեթակ»-ում՝ 345, սակայն թե որքան սուբյեկտ է գործունեություն ծավալում օրինակ «Տաշիր գրուպ»-ում կամ «Երևան սիթի»-ում, այդ տվյալները կցված չեն այս պարզաբանման տեքստում։