Search
Close this search box.

ԵԽԽՎ-ում ռուս, ադրբեջանցի և թուրք պատգամավորները դեմ են օրակարգում հայ գերիների հարցի ընդգրկմանը, բայց զարմանալին սա չէ

ԵԽԽՎ-ում ռուս, ադրբեջանցի և թուրք պատգամավորները դեմ են, որ հայ գերիների հարցն ընդգրկվի ԵԽԽՎ-ի օրակարգում: Բոլորը դրա մասին են խոսում: Զարմանում են, դատապարտում են, նույնիսկ ողջունող կա: Իսկ ես ապշած եմ, որ բոլորը դատապարտում, զարմանում և, նույնիսկ ողջունում են: Ես ապշած եմ, որ մենք ընդհանրապես նման հարց ենք քննարկում: Դա նույնն է, որ, օրինակ, ԵԽԽՎ-ի օրակարգում ընդգրկվեր Մորդովիայի բանտում եղած քաղբանտարկյալների հարցը և Ռուսաստանում քննարկվեր այդ հարցով պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը:

Պարզ չէ՞, որ այն բացասական էր լինելու, քանի դեռ Մորդովիան ՌԴ-ի կազմի մեջ է: Կամ, եթե նույն ԵԽԽՎ-ում քննարկվեր, օրինակ, Թուրքիայի տարածքում գործող Քրդական բանվորական կուսակցության անդամների նկատմամբ հալածանքը դադարեցնելու պահանջը և թուրք հասարակությանը հետաքրքրեր Անկարայի՝ այդ հարցում կողմ կամ դեմ լինելը:

Անիմաստ կլիներ նման հետաքրքրությունը, քանզի պարզ է, որ Անկարան ամեն դեպքում դեմ է կլիներ այդ պահանջին, պատճառաբանելով, որ ՔԲԿ-ն գործում է Թուրքիայի տարածքում: Նույնը Ադրբեջանի պարագայում: Պատկերացրեք, որ ԵԽԽՎ-ն փորձի քննարկել Արցախի ինքնորոշման հարցը: Պարզ չէ՞, որ ադրբեջանցի պատվիրակները դեմ են քվեարկելու, հղում անելով տարածքային ամբողջականության սկզբունքին:

Ասածս այն է, որ ռուս-ադրբեջանա-թուրքական տրիոն Հայաստանն արդեն դիտարկում է, իբրև իր ազդեցության գոտում գտնվող տարածք և պարզ հասկացնում է, որ Հայաստանում տերն ինքն է: Ի դեպ, դա այդպես ստացվեց մեր լուռ համաձայնությամբ: 90-ականներին ռազմաբազան թողեցինք, որ մնա, այնուհետև գույք տվեցինք տարօրինակ պայմաններում գոյացած պարտքի դիմաց, մեկ գիշերում ԵԱՏՄ կազմի մեջ մտանք, այժմ թուրք-ադրբեջանցի ենք խաղացնում, Ռուստամ Մուրադովին ենք կանչել: Բա էլ ի՞նչ ենք քննարկում: Էլ ինչի՞ վրա ենք զարմանում, դատապարտում կամ ողջունում: Ամեն ինչ օրինաչափ է: Սկզբից հիմնարար հարցերն է պետք լուծել՝ ռազմաբազա, ԵԱՏՄ, Ռուստամ Մուրադով…… Այ դրանից հետո, երբ տարօրինակ քվեարկություն նկատեք, կարող եք զարմանալ, դատապարտել կամ ողջունել:

Հա, մոռացա ասել, որ ես զարմացած եմ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատգամավորների դիրքորոշմամբ: Նրանք բոլորը, առանց բացառության, հայ գերիների հարցը ԵԽԽՎ-ի օրակարգում ընդգրկելու օգտին են քվեարկել: Այ սա իրոք զարմանալի է:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան